
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ 2026 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ Արցախիից տեղահանված 8,643 ընտանիք ստացել է բնակարան ձեռք բերելու պետական ծրագրի վկայագիր։ Նրա խոսքով՝ այդ վկայագրերից 4,911-ն արդեն իրացվել է։
Նախարարը տվյալները ներկայացրել է երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում։ Խոսքը վերաբերում է 2024 թվականից գործող պետական բնակարանային ապահովման ծրագրին, որը նախատեսված է Լեռնային Ղարաբաղից հարկադիր տեղահանված անձանց համար։
Ծրագրի շրջանակում ընտանիքներին տրամադրվում են բնակարան ձեռք բերելու կամ կառուցելու վկայագրեր, իսկ պետության աջակցությունը կազմում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար 3–5 մլն դրամ՝ կախված բնակավայրից։ Ծրագրին մասնակցելու պարտադիր պայման է ընտանիքի բոլոր անդամների Հայաստանի քաղաքացիությունը։
Ավելի վաղ՝ 2026 թվականի հունիսին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին աջակցելու համար 2025 թվականին պետական բյուջեից փաստացի հատկացվել է 45,7 մլրդ դրամ, իսկ 2023 թվականից ի վեր՝ ընդհանուր առմամբ մոտ 146 մլրդ դրամ։
Նիկոլ Փաշինյանը նախկինում նաև հայտարարել էր, որ կառավարությունը ծրագրում է շուրջ 800 մլրդ դրամ ուղղել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին։ ՀՀ կառավարության տվյալներով՝ հաշվառվել և գրանցվել է ավելի քան 115 հազար արցախցի, որոնց համար գործարկվել են աջակցության տարբեր ծրագրեր։
Աղբյուր՝ arka.am
