Bankomat

Araratcement-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Լուրեր|2026/09/15 13:02
Araratcement-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Ընկերությունը նշում է, որ մեկ պարկի գործարանային գինը կազմում է 2,550 դրամ։

Araratcement ՓԲԸ-ն հերքել է մամուլում տարածված տեղեկությունները, թե ընկերության արտադրած ցեմենտի գինը բարձրացել է։ Ընկերության պարզաբանմամբ՝ հրապարակումներում ներկայացված թվերը չեն համապատասխանում արտադրողի սահմանած վաճառքի գնին։

Մեդիայում շրջանառվող պնդումների համաձայն՝ Araratcement-ի ցեմենտի գինը 2,700 դրամից հասել էր 3,500 դրամի։ Սակայն ընկերությունը հայտարարել է, որ մեկ տոննա պարկավորված ցեմենտի վաճառքի գինը կազմում է 51,000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, և այդ հաշվարկը արված է 20 պարկի համար։ Այսպիսով, արտադրողի սահմանած գինը մեկ պարկի համար կազմում է 2,550 դրամ։

Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ 3,500 դրամով վաճառքի մասին տեղեկությունը ակնհայտ կեղծ է։ Araratcement-ը շեշտում է, որ շուկայում առանձին վաճառողների կողմից սահմանվող վերջնական գները դուրս են արտադրողի անմիջական վերահսկողությունից և չեն կարող ներկայացվել որպես գործարանի կողմից սահմանված գին։

Ընկերությունը նաև կոչ է արել ցեմենտի շուկայի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելիս հստակ տարբերակել արտադրողի վաճառքի գինը և վերավաճառողների սահմանած գները, որպեսզի հանրությունը մոլորության մեջ չընկնի։

Ավելի վաղ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ ցեմենտի շուկայում առաջացած պակասը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խափանումներով։

Միաժամանակ Araratcement ՓԲԸ-ի շուրջ ընթանում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործ։ Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա Հակակոռուպցիոն դատարանը որոշել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Araratcement ՓԲԸ-ն փոխանցել Հայաստանի Հանրապետության կառավարմանը և պահպանությանը։ Հայցով, ի թիվս ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող այլ ակտիվների, պահանջվում է նաև Araratcement ՓԲԸ-ի բաժնետոմսերի բռնագանձումը հօգուտ Հայաստանի Հանրապետության։

Աղբյուր՝ www.pan.am

Տարածել

Կարդացեք նաեվ