
Արհեստական բանականության ոլորտում գործող Anthropic-ը պատրաստվում է Nasdaq բորսայում խոշոր IPO-ի և մտադիր է ներգրավել մինչև 100 մլրդ դոլար։ Reuters-ի փոխանցմամբ՝ այդ դեպքում ընկերության գնահատականը կարող է հասնել կամ նույնիսկ գերազանցել 2 տրիլիոն դոլարը։
Գործակալության աղբյուրների խոսքով՝ Anthropic-ը բանակցում է Nvidia Corp.-ի հետ, որպեսզի վերջինս դառնա գործարքի առանցքային ներդրողներից մեկը։ Աղբյուրներից մեկի տվյալներով՝ Nvidia-ն քննարկում է մինչև 10 մլրդ դոլար ներդնելու տարբերակը։
Ընկերությունը տեղաբաշխման հարթակ է ընտրել Nasdaq-ը։ Ֆինանսական ցուցանիշները ևս աջակցում են այդ հավակնոտ պլաններին. Anthropic-ը ներդրողներին հայտնել է, որ երկրորդ եռամսյակում իր հասույթը տարեկան կտրվածքով աճել է 14 անգամ և կազմել 11.5 մլրդ դոլար։ Այդ աճը թույլ է տվել գրանցել ճշգրտված գործառնական շահույթ, իսկ ընթացիկ եռամսյակը ևս ընկերությունը սպասում է ավարտել շահույթով։

Հուլիսի վերջի դրությամբ Anthropic-ի տարեկանացված հասույթը կազմել է 65 մլրդ դոլար՝ նախորդ տարվա վերջի 9 մլրդ դոլարի դիմաց։ FT-ի աղբյուրների համաձայն՝ ընկերության համախառն շահութաբերությունը գերազանցում է 80%-ը, եթե չհաշվենք դիստրիբյուցիոն գործընկերների միջև բաշխվող հասույթը և մոդելների ուսուցման ծախսերը։
Աղբյուրները նշում են, որ բորսայական ցուցակումը նախատեսվում է անցկացնել ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք համընդհանուր ընտրություններից առաջ։ Հիշեցնենք, որ մայիսին Anthropic-ը ներգրավել էր 65 մլրդ դոլար, և նոր կապիտալի ներգրավումից հետո ընկերության post-money գնահատականը կազմել էր 965 մլրդ դոլար։
Նյութում նշվում է նաև մրցակցային միջավայրի մասին։ OpenAI-ի գլխավոր գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը հայտարարել է, որ ընկերությունը 2026 թվականին բորսա դուրս չի գա, թեև ավելի վաղ սպասվում էր, որ OpenAI-ը ևս աշնանը IPO կանցկացնի՝ մոտ 1 տրիլիոն դոլար գնահատմամբ։
Միաժամանակ շուկան արդեն տեսել է մեկ այլ խոշոր տեխնոլոգիական տեղաբաշխում. Իլոն Մասկի SpaceX-ը, որի կազմում է նաև xAI արհեստական բանականության ստարտափը, հունիսին IPO-ի միջոցով ներգրավել է ռեկորդային 75 մլրդ դոլար՝ ընկերության ընդհանուր արժեքը հասցնելով 1.77 տրիլիոն դոլարի։ Լրացուցիչ տեղաբաշխման օպցիոնի իրացման արդյունքում ընկերությունը ստացել է ևս 10.7 մլրդ դոլար։
Աղբյուր՝ b24.am
