Bankomat

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը՝ Իրանի մեկուսացմանը միանալու հարցի և TRIPP-ի շուրջ

Լուրեր|2026/09/16 04:03
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը՝ Իրանի մեկուսացմանը միանալու հարցի և TRIPP-ի շուրջ

Նարեկ Մկրտչյանն ասել է, որ բոլոր հարցերը քննարկելի են, իսկ TRIPP-ը Հայաստանի իրավազորության ներքո է լինելու։

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը The Hill-ին տված հարցազրույցում անդրադարձել է այն հարցին, թե արդյոք Հայաստանը կքննարկի Իրանի մեկուսացմանը միանալու ԱՄՆ-ի հնարավոր առաջարկը։ Նրա խոսքով՝ նման թեմաների համար նախապես փակ դռներ չկան։

«Աշխարհում չկա որևէ թեմա, որը հնարավոր չէ քննարկել, ամեն ինչ քննարկելի է», - ասել է դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարձագանքի Երևանը, եթե Վաշինգտոնը նման դիմում ներկայացնի։

Մկրտչյանը նաև խոսել է TRIPP ծրագրի մասին՝ նշելով, որ 2027 թվականի սկզբին հնարավոր կլինի անցկացնել ծրագրի հիմնարկեքի արարողությունը։ Նա ընդգծել է, որ նախաձեռնությունը որևէ երրորդ երկրի, այդ թվում՝ Իրանի կամ Ռուսաստանի դեմ ուղղված չէ։

Դեսպանի խոսքով՝ Հայաստանը ծրագիրը ներկայացրել է նաև Իրանին։ Նա շեշտել է, որ Իրանը Հայաստանի անմիջական հարևանն է, որտեղ կա հայկական համայնք, և Երևանի համար կարևոր է պահպանել թե՛ խաղաղ սահմանը, թե՛ բարեկամական հարաբերությունները։ Նրա գնահատմամբ՝ դա կարևոր է նաև TRIPP-ի հաջող իրականացման համար։

Մկրտչյանը հավելել է, որ Հայաստանը հարևանների հետ երկխոսության ընթացքում բացատրում է՝ ծրագիրը վերաբերում է հաղորդակցությանը, ենթակառուցվածքներին և առևտրին և կապ չունի հնարավոր ռազմական գործողությունների հետ։ Նրա խոսքով՝ այս հաղորդակցությունը պետք է շարունակվի, որպեսզի ներկայացվեն բոլոր մանրամասները և փարատվեն մտահոգությունները։

Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը Թուրքիա-Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածի մասին՝ դեսպանը պնդել է, որ TRIPP-ի շրջանակում բոլոր որոշումները կընդունեն Հայաստանի պետական մարմինները։ Նրա խոսքով՝ մաքսային հսկողությունը, հարկերը, արտակարգ իրավիճակների կառավարումը, ոստիկանությունը և անվտանգությունը լինելու են Հայաստանի իրավազորության ներքո։

Դեսպանը նշել է, որ այդ սկզբունքը, ըստ նրա, ամրագրված է նաև վաշինգտոնյան խաղաղության հռչակագրում և հարգվում է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ադրբեջանի կողմից։ Սա, նրա խոսքով, նշանակում է, որ Հայաստանը պահպանում է իր ամբողջ սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը։

Պատասխանելով նաև այն հարցին, թե արդյոք Հայաստանը սկսել է Ռուսաստանից հեռանալու և դեպի ԱՄՆ շարժվելու գործընթաց, Մկրտչյանն ասել է, որ նման գործընթաց կա, սակայն այն վերաբերում է Հայաստանի սուվերենությանը, անկախությանը և դիվերսիֆիկացիային։

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ