Bankomat

ԱՄՆ-ը Չինաստանից պահանջում է դադարեցնել Իրանի հետ տնտեսական կապերը

Լուրեր|2026/09/16 16:35
ԱՄՆ-ը Չինաստանից պահանջում է դադարեցնել Իրանի հետ տնտեսական կապերը

Սքոթ Բեսենթը հայտնել է, որ Վաշինգտոնը պատրաստ է նաև երկրորդային պատժամիջոցների։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ չինացի պաշտոնյաների հետ քննարկել է Վաշինգտոնի պահանջը՝ դադարեցնել Պեկինի տնտեսական համագործակցությունը Թեհրանի հետ։ Նրա խոսքով՝ կողմերի միջև արդեն տեղի են ունեցել արդյունավետ ոչ պաշտոնական բանակցություններ։

Բեսենթը նաև նշել է, որ հանգստյան օրերին նախատեսում է բանակցություններ վարել Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենի հետ։ Այդ շփումները, նրա խոսքով, շարունակություն են ԱՄՆ-ի ճնշման քաղաքականությանը՝ ուղղված Իրանի տնտեսական մեկուսացմանը։

ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանի և նրան աջակցող կողմերի նկատմամբ իրականացնում է «աշխարհում տնտեսական ճնշման ամենալայնածավալ արշավը»։ Բեսենթի փոխանցմամբ՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք «Ամերիկան այլևս չի փորձում զսպել իրանական սպառնալիքը, այլ վերջ է դնում դրան»։

Իրանը երկար տարիներ գտնվում է ԱՄՆ տնտեսական պատժամիջոցների ներքո։ Օգոստոսին Վաշինգտոնը սկսել է «Տնտեսական վտարանդի» գործողությունը՝ նպատակ ունենալով ավելի խորացնել երկրի ֆինանսական մեկուսացումը և ճնշում գործադրել Թեհրանի դիրքորոշման վրա փետրվարի վերջին սկսված հակամարտության ֆոնին։

Բեսենթը հավելել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է երկրորդային պատժամիջոցներ կիրառել այն կողմերի նկատմամբ, որոնք Իրանի հետ որոշակի առևտրային գործարքներ են իրականացնում։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մյուս երկրներին կտեղեկացնի, թե որքան ժամանակ ունեն Թեհրանի հետ նման գործարքներն ու տնտեսական կապերը դադարեցնելու համար։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ