
Արհեստական բանականությունը մինչև 2040 թվականը կարող է մոտ 40%-ով ավելացնել համաշխարհային առևտրի ծավալը։ Այդ գնահատականը ներկայացված է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 2026 թվականի համաշխարհային առևտրի զեկույցում։
Միևնույն ժամանակ ԱՀԿ-ն նշում է, որ տեխնոլոգիաների արագ զարգացումը, համաշխարհային տնտեսության կառուցվածքային փոփոխությունները և աճող աշխարհաքաղաքական լարվածությունը պահանջում են հարմարեցնել գլոբալ առևտրային համակարգը նոր պայմաններին։
Զեկույցի համաձայն՝ արհեստական բանականությունը կարող է բարձրացնել արտադրողականությունը, նվազեցնել առևտրային ծախսերը և խթանել թե՛ ապրանքների, թե՛ ծառայությունների առևտուրը։ Սակայն տեխնոլոգիաների հասանելիությունն ու դրանց ներդրումից ստացվող տնտեսական օգուտները երկրների միջև բաշխվում են անհավասար։ Մասնավորապես, ամենաքիչ զարգացած պետությունների բաժինը համաշխարհային առևտրում մնում է 1%-ից պակաս։
ԱՀԿ-ն, որը ներկայում ունի 166 անդամ և ընդգրկում է համաշխարհային առևտրի շուրջ 98%-ը, ընդգծում է, որ գործող առևտրային կանոնները միշտ չէ, որ համընթաց են թվայնացման, արհեստական բանականության զարգացման, էկոլոգիական քաղաքականության և տնտեսության մեջ պետական միջամտության աճի հետ։
Կազմակերպությունը հիմնական ռիսկերից մեկը համարում է համաշխարհային առևտրի բեկորայնացումը։ ԱՀԿ-ի մոդելավորման համաձայն՝ համաշխարհային տնտեսության բաժանումը առևտրային բլոկների կարող է էականորեն կրճատել համաշխարհային ՀՆԱ-ն և արտահանումը։ Դրան հակառակ՝ միջազգային առևտրային համագործակցության խորացումը կարող է լրացուցիչ խթանել համաշխարհային տնտեսության և առևտրի աճը։
ԱՀԿ-ի գնահատմամբ՝ բազմակողմ առևտրային համակարգը պետք է հարմարեցվի նոր տեխնոլոգիական և տնտեսական իրողություններին, այդ թվում՝ թվային առևտրի կանոնների զարգացման և արհեստական բանականության ներուժի ավելի արդյունավետ օգտագործման միջոցով։
Աղբյուր՝ arka.am
