Հայաստանին մաքսային արտոնություններ տալով՝ Բրյուսելի հաշվարկներով հայաստանցի գործարարները երկու տարվա ընթացքում Եվրամիությանը ընդհանուր 5.4 միլիոն եվրոյի չափով մաքսատուրք չեն վճար: Բրյուսելի քայլի արդյունքում հայ արտադրողներն ու արտահանողները կկարողանան մի քանի հարյուր տեսակի ապրանքներ եվրոպական շուկա արտահանել առանց մաքսատուրքերի:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում հայտարարել է, որ խոսքը առևտրի ինքնավար միջոցառումների՝ Autonomous Trade Measures-ի մասին է: «Սրանով մենք կարող ենք վերաուղղորդել այն ապրանքները, որոնք մեծապես ռուսական շուկա են արտահանվում, և դրանք ուղարկել Եվրոպական միության միասնական շուկա՝ 450 միլիոն մարդկանց համար»,- հայտարարել է նա:
Նախագիծը նախատեսում է 324 ապրանքախմբի համար ազատ առևտրի հնարավորություն: Արտոնյալ պայմաններով հնարավոր կլինի տարեկան արտահանել 6500 տոննա վարունգ, 5000 տոննա խաղող, 750 տոննա տանձ, 7000 տոննա ծիրան, 2000 տոննա բալ, 3500 տոննա դեղձ, 1500 տոննա սալոր ու 2500 տոննա ելակ:
Բացի այդ, ևս 316 խումբ ապրանք առանց մաքսատուրքի արտահանելու համար ոչ մի քանակական սահմանափակում չի լինի. ցանկն ընդարձակ է՝ մսամթերք, կաթնամթերք, բանջարեղեն, ընդեղեն, հագուստ, ալկոհոլային խմիչք, ծխախոտ և այլն:
Աղբյուր՝ www.azatutyun.am
