
Յունիբանկը և Հայաստանի քառակի չեմպիոն «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը ընդլայնել են համագործակցությունը․ բանկը դարձել է ակումբի տիտղոսային հովանավորը։ Այս մասին հայտնել է բանկի մամուլի ծառայությունը։
Կողմերի գնահատմամբ՝ գործընկերությունը միտված է ակումբի հետագա զարգացմանը և այնպիսի պայմանների ձևավորմանը, որոնք «Ալաշկերտին» կօգնեն նոր կարևոր հաջողություններ գրանցել ինչպես Հայաստանի առաջնությունում, այնպես էլ միջազգային ասպարեզում։
Յունիբանկում նշում են, որ սպորտի աջակցությունը բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր ուղղություններից է։ Բանկը տարիներ շարունակ մասնակցում է Հայաստանում պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը և իրականացնում է լայնածավալ հովանավորական ծրագրեր՝ ներառելով ֆուտբոլը, ֆուտզալը, ըմբշամարտը և հեծանվասպորտը։
Բանկը հատուկ կարևորում է այն նախաձեռնությունները, որոնք ոչ միայն օգնում են հայ մարզիկներին հասնել բարձր արդյունքների, այլև խթանում են սպորտի և առողջ ապրելակերպի տարածումը երիտասարդների շրջանում։
Յունիբանկի և ՖԱ «Ալաշկերտի» համագործակցությունը, ըստ հաղորդագրության, հիմնված է զարգացման, առաջընթացի և բարձր արդյունքների հասնելու ընդհանուր ձգտման վրա։ Ակումբը իր 15-ամյա պատմության ընթացքում չորս անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, մեկ անգամ նվաճել է Հայաստանի գավաթը և երեք անգամ՝ Հայաստանի սուպերգավաթը։
«Ալաշկերտը» նաև դարձել է առաջին հայկական ակումբը, որը հանդես է եկել եվրոպական ակումբային մրցաշարի խմբային փուլում։
Բանկը կարգավորվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից։
Աղբյուր՝ armbanks.am
