Արևային կայանների տեղադրման և շահագործման գործընթացներում բացահայտվել են առերևույթ խախտումներ, որոնք տարիներ շարունակ էական վնաս են հասցրել ՀԷՑ-ի օրինական շահերին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:
«Շուրջ երեք տասնյակ արևային ինքնավար էներգաարտադրողների շրջանում վերջերս ՀԷՑ-ի նախաձեռնությամբ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում 16 ինքնավար էներգաարտադրողների մոտ առերևույթ խախտումներ են արձանագրվել, որոնք վկայում են վերջիններիս կողմից օրենքի և սահմանված կարգավորումների համակարգային խախտումների մասին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ 150 կՎ-ից մինչև 500 կՎ սահմանված հզորությամբ ինքնավար էներգաարտադրող հանդիսացող որոշ սպառողների մոտ փաստացի հզորությունները չեն համապատասխանում դրվածքային հզորություններին՝ գերազանցելով թույլատրելի նորման 3-4 անգամ:
Այսպիսով, 2022 թվականից ի վեր գործող մի շարք ինքնավար էներգաարտադրողներ խախտել են տեխնիկական կանոնակարգի պահանջները, ինչպես նաև էլեկտրաէներգիայի մատակարարման լիցենզավորման մեխանիզմը՝ բացասական ազդեցություն ունենալով մատակարարվող էլեկտրաէներգիայի որակի վրա:
Նախնական հաշվարկով, միայն այդ մասով ՀԷՑ-ի օրինական շահերին պատճառված առերևույթ ֆինանսական վնասը կազմում է մոտ 2 մլրդ ՀՀ դրամ:
Աղբյուր՝ www.1in.am
