Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ օգոստոսի 8-ին՝ Երևանն ու Բաքուն Սպիտակ տանը նախաստորագրեցին հայ – ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը: ԱՄՆ նախագահի ներկայությամբ նախաստորագրված փաստաթուղթը կողմերը պատմական որակեցին, իսկ դրան հաջորդած ամիսներին հայտարարում էին, թե երկու երբեմնի թշնամիների միջև խաղաղությունը փաստացի հաստատված է:
Վաշինգտոնում նաև հայտարարվեց ԱՄՆ նախագահի անունը կրող նախագծի՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի մասին: ԱՄՆ աջակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը Հայաստանի տարածքով Ադրբեջանը կապելու է իր էքսկլավ Նախիջևանի հետ:
Անցած մեկ տարում սահմանին կրակոցներ չեն հնչել, զոհեր չեն եղել, Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են առևտուր անել, ճիշտ է՝ առայժմ միակողմանի, բայց շատ հարցեր դեռ բաց են մնում:
Ե՞րբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը
Վաշինգտոնյան գագաթնաժողովից մեկ տարի անց անորոշ է, թե երբ կստորագրվի 17 կետանոց խաղաղության պայմանագիրը, որով Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Ադրբեջանի նախագահը նախաստորագրումից անմիջապես հետո վերահաստատեց Բաքվի նախապայմանը՝ փաստաթուղթը կստորագրվի, երբ Հայաստանը փոխի իր Սահմանդրությունը՝ այնտեղից հեռացնելով Անխախության հռչակագրին հղումը:
Խաղաղության պայմանագրի նախաստորագրումից առաջ Հայաստանն արդեն համաձայնել էր Ադրբեջանի այլ նախապայմանների՝ լուծարել ղարաբաղյան կարգավորմամբ 3 տասնամյակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խումբը, հրաժարվել միմյանց դեմ միջազգային հայցերից և սահմաններին երրորդ երկրների ուժեր տեղակայելուց:
19 հայ գերիները տուն կվերադառնա՞ն
Խաղաղության պայմանագիրը չլուծեց հայ գերիների հարցը: 2020 թվականի 44-օրյա պատերազմից ու 2023-ին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ռազմական ագրեսիայից հետո, 19 հայ գերի շարունակում է պահվել ադրբեջանական բանտերում:
Չավարտված սահմանազատում և օկուպացված հայկական տարածքներ
Հայաստանն ու Ադրբեջանը դեռ պետք է սահմանազատեն իրենց մոտ 1000 կիլոմետրանոց ընդհանուր սահմանը: Գործընթացը կանգ է առել 2024-ի գարնանը Տավուշում մոտ 12 կիլոմետր սահմանազատելուց հետո:
«Թրամփի ուղին»՝ Կենտրոնական Ասիան Եվրոպային կապող միջանցքի մասին
Անցած տարվա վաշինգտոնյան գագաթնաժողովի ամենամեծ ձեռքբերումներից մեկը համարվում է «Թրամփի ուղու» վերաբերյալ պայմանավորվածությունը: Այն Հայաստանի հարավային Սյունիքի մարզով ցամաքային կապ է ապահովելու Ադրբեջանի և իր էքսկլավ Նախիջևանի միջև:
Աղբյուր՝ www.azatutyun.am
