Միացյալ Նահանգներն աննախադեպ պատժամիջոցներ կկիրառի Իրանի նկատմամբ, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարը: Newsmax-ին տված հարցազրույցում Սքոթ Բեսենթն ասել է, որ դրանց մասին ավելի մանրամասն կհայտարարվի հաջորդ շաբաթ:
«Դա կլինի տնտեսական մեկուսացման աշխարհում աննախադեպ միջոցների և Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակման համադրություն, ինչի արդյունքում ոչինչ չի կարող մուտք գործել իրանական նավահանգիստներ կամ դուրս գալ այնտեղից», - նշել է Բեսենթը:
Պաշտպանության նախարարն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է անվերջ շարունակել Իրանի ծովային շրջափակումը, ինչը, նրա պնդմամբ, արդեն իսկ տնտեսական լուրջ վնաս է հասցրել առանց այն էլ տնտեսական մեծ դժվարությունների բախվող Իրանին:
«ԱՄՆ ռազմածովային ուժերը կարող են անորոշ ժամանակով պահպանել այսպիսի շրջափակումը, քանզի հերթապահող մեր նավերին կփոխարինեն նորերը, ինչպես արել ենք, և այդպես շարունակ»,- լրագրողներին ասել է Փիթ Հեգսեթը:
Ըստ Associated Press-ի՝ Խաղաղ օվկիանոսում հերթապահող ամերիկյան George Washington ավիակիրն արդեն մի քանի օր է, ինչ ուղղություն է վերցրել դեպի Մերձավոր Արևելք:
Նախարարը նաև հերքել է լուրերը, թե Իրանի ծովային շրջափակմանը մասնակցող ամերիկյան Abraham Lincoln ավիակիրը պաշարների մատակարարման խնդիրների է բախվում, իսկ ծառայողներն արդեն հոգեբանական խնդիրներ ունեն չափից շատ ծովում անցկացնելու պատճառով:
ԱՄՆ փոխնախագահն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանում կհասնի իր երկու գլխավոր նպատակներին՝ կանխել Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը և պահպանել աշխարհում էներգակիրների կայուն գները:
Թեհրանից առայժմ չեն արձագանքել ամերիկացի պաշտոնյաների հայտարարություններին:
Հորմուզի նեղուցում իրավիճակը մնում է լարված
Ու մինչ Վաշինգտոնից նոր սպառնալիքներ են հնչում, Հորմուզի նեղուցում իրավիճակը մնում է լարված:
Աղբյուր՝ www.azatutyun.am
