Վարշավայում անցկացված միջազգային սեմինարում քննարկվել են Անդրկասպյան տրանսպորտային միջանցքով ապրանքների անվտանգ և անխափան տեղափոխման հարցերը։ Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները, հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Հայաստանը սեմինարում ներկայացրել են Եվրոպական միության և Համաշխարհային մաքսային կազմակերպության առընթեր Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ Միքայել Խաչատրյանը և ՊԵԿ ցամաքային սահմանային անցակետերում մաքսային սպասարկման և հսկողության բաժնի պետի տեղակալ Տիգրան Մնացականյանը։
Սեմինարը կազմակերպվել է Եվրոպական հանձնաժողովի, Գերմանիայի կառավարության և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ «Արևելյան գործընկերություն» ծրագրի և Լեհաստանի ազգային հարկային գործակալության համագործակցությամբ։ Մասնակցել են 15 երկրների մաքսային մարմինների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայաստանի, Բելգիայի, Չեխիայի, Վրաստանի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռումինիայի, Թուրքիայի, Ուկրաինայի և Կենտրոնական Ասիայի հինգ երկրների պատվիրակները, ինչպես նաև միջազգային կառույցների ներկայացուցիչներ՝ EU TAXUD, ITC, UNECE և GIZ։
Քննարկումները կենտրոնացած են եղել մաքսային համագործակցության ընդլայնման և Անդրկասպյան տրանսպորտային միջանցքով բեռների տեղաշարժը դյուրացնելու գործնական լուծումների վրա։ Մասնակիցները անդրադարձել են սահմանային վերահսկողության միջազգային ստանդարտներին, գերատեսչությունների միջև համագործակցությանը, մաքսային տեղեկատվության փոխանակմանը, ռիսկերի գնահատմանը և ՏՀՏ լուծումների կիրառմանը։
Առանձին ուշադրություն է դարձվել սահմանային վերահսկողության «մեկ պատուհան» սկզբունքին, համատեղ ստուգումներին, ինչպես նաև մաքսային և տարանցիկ ընթացակարգերի ներդաշնակեցմանը, ներառյալ eTIR համակարգը։ Սեմինարի ընթացքում ներկայացվել են նաև սահմանային վերահսկողության ժամանակակից տեխնիկական միջոցները, իսկ մասնակիցները գործնականում ծանոթացել են սկանավորման սարքավորումներին և շարժական կետերի աշխատանքին։
Միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև ճանաչողական այց Վարշավայի մաքսատուն։ Միևնույն ժամանակ, կողմերը առանձնացրել են Անդրկասպյան տրանսպորտային միջանցքում առկա հիմնական խոչընդոտները և քննարկել դրանց հաղթահարման հնարավոր տարբերակները։
Քննարկումների արդյունքով մասնակիցներն արդեն անցել են Գործողությունների ընդհանուր ծրագրի մշակմանը։ Ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն հետագա քայլերի և առաջիկա հանդիպումների նախապատրաստության շուրջ։

Աղբյուր՝ finport.am
