
ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գինը հասել է պատմական առավելագույնի՝ խորացնելով անհանգստությունը տրանսպորտային և լոգիստիկ ոլորտներում։ CNBC-ի հաղորդմամբ՝ շուկայում առկա իրավիճակը արդեն ազդեցություն է թողնում թե՛ ընկերությունների ֆինանսական արդյունքների, թե՛ ներդրողների գնահատականների վրա։
Դիզելի մեկ գալոնի միջին գինը բարձրացել է մինչև 6.31 դոլար։ Տարեկան հաշվարկով աճը գերազանցել է 70%-ը, ինչի հիմնական պատճառը առաջարկի լայնածավալ ցնցումն է։ Փորձագետների գնահատմամբ՝ վառելիքի այս թանկացումը կարող է արդեն ընթացիկ եռամսյակում 5-10%-ով կրճատել լոգիստիկ ընկերությունների եկամուտները։
Շուկան արագ է արձագանքել այս սպասումներին։ Խոշոր բեռնափոխադրող ընկերությունների բաժնետոմսերը զգալի անկում են գրանցել, իսկ Dow Jones Transportation Average ոլորտային ինդեքսը նվազել է ավելի քան 2%-ով։
J.B. Hunt լոգիստիկ ընկերության ֆինանսական տնօրեն Բրեդ Դելկոն CNBC-ին ասել է, որ շուկան բախվել է վառելիքի գների աննախադեպ և անոմալ տատանումների։ Նրա խոսքով՝ նման շարժեր ոլորտը նախկինում չի տեսել։
Տրանսպորտը շարունակում է մնալ ամերիկյան տնտեսության առանցքային հատվածներից մեկը, ուստի ծախսերի աճը, ըստ մասնագետների, ի վերջո կփոխանցվի սպառողներին։ Բացի այդ, աշնանային բերքահավաքի շրջանում վառելիքի բարձր գինը կարող է ավելացնել գյուղատնտեսական արտադրողների ծախսերը, ինչն էլ կուժեղացնի մանրածախ գների վրա գնաճային ճնշումը։
Աղբյուր՝ b24.am
