Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կայացած Կառավարության նիստի ընթացքում անդրադարձել է անշարժ գույքի շուկայում արձանագրված ակտիվությանը:
«Երկրորդային շուկան էլ բավականին ակտիվ է, եւ նախորդ տարվա համեմատ՝ այս տարի անշարժ գույքի հետ կապված 15 հազարով ավելի գործարքներ ունենք: Ընդ որում՝ սա վերաբերում է տարբեր գործարքներին: Դա միայն առքը եւ վաճառքը չէ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն արձանագրել է՝ Երեւանում կամ Հայաստանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային, այդ թվում՝ Սփյուռքի մեր հայրենակիցների ու այն մարդկանց համար, որոնք ուղղակի ուզում են ներդրում անել:
Նիկոլ Փաշինյանը նշել է նաեւ, որ այդ ֆոնին անշարժ գույքի գները շարունակաբար աճում են: «Մենք քննարկումներ ենք ունենում, եւ մեր նախնական եզրակացությունն այն է, որ շուկայի գործընթացներին կոշտ միջամտություններ անելն այնքան էլ ճիշտ չէ:
Առաջիկայում անդրադառնալու ենք բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման խնդրին, իրականացնում ենք Ղարաբաղից փախստական մեր հայրենակիցների բնակարանային ապահովման ծրագիր: Շուրջ 7000 ընտանիք արդեն իսկ ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր»,-ասել է վարչապետը՝ հիշեցնելով, որ Կառավարության պլանը 800 մլրդ դրամ ֆինանսավորումն է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային ապահովման ծրագիրն իրականացնելու համար:
Աղբյուր՝ banks.am
