
Ucom-ի աջակցությամբ Իմփաքթ Հաբ Երևանի կողմից իրականացվող Ucom Fellowship ինկուբացիոն ծրագրի մասնակիցները այցելել են Ucom և հանդիպել ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ։
Հանդիպման ընթացքում Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է առաջնորդության և ձեռներեցության ոլորտում իր փորձը, ծանոթացել թիմերի ընթացիկ արդյունքներին և նրանց հետ քննարկել զարգացման ճանապարհին առաջացած հիմնական խնդիրները։ Նա նաև գործնական խորհուրդներ է տվել՝ հաշվի առնելով յուրաքանչյուր թիմի ներկա փուլն ու կարիքները։
Արդեն երրորդ տարին անցկացվող Ucom Fellowship ծրագիրն ուղղված է Հայաստանում գործող վաղ փուլում գտնվող թիմերին, ստարտափներին և ձեռներեցներին, որոնք տեխնոլոգիական լուծումներ են մշակում բնապահպանական խնդիրների համար։
«Լավ գաղափարը կարևոր սկիզբ է, բայց այն իրական փոփոխություն է դառնում միայն այն ժամանակ, երբ գաղափարի հետևում կանգնած մարդիկ պատրաստ են այն փորձարկել, զարգացնել և պատասխանատվություն ստանձնել արդյունքի համար։ Ucom-ում մեզ համար հատկապես կարևոր է տեսնել, որ տեխնոլոգիան կարող է ծառայել ոչ միայն բիզնեսի զարգացմանը, այլև բնապահպանական խնդիրների լուծմանը», - ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ութամսյա ծրագրի շրջանակում Իմփաքթ Հաբ Երևանը մասնակիցներին ուղեկցում է ամբողջ ինկուբացիոն գործընթացում՝ աջակցելով գաղափարների կենսունակության ստուգմանը, բիզնես մոդելների ամրապնդմանը և նախատիպերի կամ նվազագույն կենսունակ արտադրանքների (MVP) մշակմանը։
Ծրագիրը ներառում է մասնակիցների պահանջներին համապատասխան դասընթացներ, անհատական մենթորություն, փորձագիտական խորհրդատվություն, կապերի ստեղծման հնարավորություններ, ինչպես նաև հասանելիություն Իմփաքթ Հաբ Երևանի ձեռնարկատիրական համայնքին և աշխատանքային տարածքին։ Ucom-ի մասնագետներն էլ ներգրավված են որպես մենթորներ՝ կիսվելով գործնական փորձով և ոլորտային գիտելիքով։
«Ucom Fellowship-ը մասնակիցներին տալիս է այն միջավայրը, գիտելիքն ու մասնագիտական աջակցությունը, որոնք անհրաժեշտ են վաղ փուլում գտնվող գաղափարը առավել կենսունակ լուծման վերածելու համար։ Իմփաքթ Հաբ Երևանում մեր դերն է ուղեկցել նրանց այդ ամբողջ ճանապարհին՝ սկզբնական ենթադրությունների ստուգումից և բիզնես մոդելի ամրապնդումից մինչև համապատասխան մենթորների ու փորձագետների հետ կապերի ստեղծում։ Ucom-ում նման հանդիպումները ևս մեկ կարևոր հնարավորություն են մասնակիցների համար՝ անմիջականորեն շփվելու փորձառու գործարար ղեկավարների հետ և ստանալու գործնական հետադարձ կապ», - ասել է Իմփաքթ Հաբ Երևանի գլխավոր գործադիր տնօրեն Նազարեթ Սեֆերյանը։
Ծրագրի ավարտին թիմերը կներկայացնեն դրա ընթացքում մշակած լուծումները, իսկ երեք լավագույն գաղափարները կստանան ֆինանսական աջակցություն հետագա զարգացման համար։

Ucom-ը Հայաստանում հեռահաղորդակցության կոնվերգենտ ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից է։ Ընկերությունն առաջարկում է թվային լուծումներ ֆիքսված և շարժական կապի, ինտերնետի և հեռուստատեսության ոլորտներում՝ կենտրոնանալով հաճախորդի փորձառության, ցանցի որակի և տեխնոլոգիական առաջատարության վրա։
Իմփաքթ Հաբ Երևանը հիմնադրվել է 2016 թվականին և ավելի քան 110 Իմփաքթ Հաբերից կազմված համաշխարհային ցանցի մաս է։ Կազմակերպությունը ձեռներեցներին և նորարարներին աջակցում է ինկուբացիոն ծրագրերի, կրթական հնարավորությունների, մասնագիտական ցանցերի և համագործակցային համայնքի միջոցով։
Աղբյուր՝ b24.am
