Ամերիկյան Uber-ը և բրիտանական Wayve-ը Լոնդոնում գործարկում են ռոբոտաքսի ծառայություն: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Լոնդոնում Uber հավելվածի օգտատերերին այժմ կարող է տրամադրվել Wayve-ի ինքնավար վարման տեխնոլոգիաներով համալրված ավտոմեքենա, սակայն ղեկին, այնուամենայնիվ, կլինի վարորդ, որն անհրաժեշտության դեպքում կվերցնի մեքենայի կառավարումը: Ընկերությունները դեռ չեն ստացել կարգավորող մարմինների թույլտվությունը լիովին առանց վարորդ ուղևորությունների համար:
Սա առաջին դեպքն է, երբ ռոբոտաքսիները Լոնդոնում լայնորեն հասանելի են դառնում: Wayve-ի գլխավոր գործադիր տնօրեն Ալեքս Քենդալի խոսքով՝ դա կարևոր է՝ հաշվի առնելով, որ այս քաղաքում նավիգացիան ավելի բարդ է, քան ռոբոտաքսիների համար արդեն ձևավորված կենտրոններում:
Մասնավորապես, Լոնդոնի փողոցներում հեծանվորդների և հետիոտների թիվն ավելի քան 15 անգամ գերազանցում է Սան Ֆրանցիսկոյի ցուցանիշը: Բացի այդ, այստեղ կան ավելի բարդ խաչմերուկներ, օրինակ՝ շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկներ:
«Հաշվի առնելով այս ամենը՝ Լոնդոնը բավական բարդ միջավայր է երթևեկելու համար, սակայն մեր արհեստական բանականությունը կարող է դրան շատ սահուն կերպով հաղթահարել», – WSJ-ին տված հարցազրույցում հայտարարել է Քենդալը:
Մյուս խաղացողներն, այդ թվում՝ չինական Baidu-ն և ամերիկյան Waymo-ն (մտնում է Alphabet-ի կազմի մեջ), առայժմ միայն փորձարկում են ինքնավար մեքենաները Լոնդոնում:
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։
Աղբյուր՝ b24.am
