Bankomat

Թուրքիայից ու Ադրբեջանից ներմուծումը թափ է հավաքում

Լուրեր | 2026/08/05 09:00

Թուրքիայից ու Ադրբեջանից ներմուծումը թափ է հավաքում

Հայաստանում թուրքական և ադրբեջանական ապրանքների ներմուծումը աճում է

Թուրքական և ադրբեջանական ապրանքների ներմուծումը Հայաստան թափ է հավաքում։ Եթե մինչև վերջերս պաշտոնական վիճակագրությունը միայն Թուրքիայի հետ առևտուրն էր արձանագրում, հիմա ավելացել է նաև Ադրբեջանը։ Բայց ինչպես Թուրքիայի, այնպես էլ՝ Ադրբեջանի հետ Հայաստանի առևտրային հարաբերությունները միակողմանի բնույթ են կրում։ Այդ հարաբերությունները հիմնված են բացառապես թուրքական ու ադրբեջանական ապրանքների ներմուծումների վրա։

Մինչ Հայաստանի իշխանությունները ոգևորված են հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական շփումներով ու առևտուր անելու ձգտումներով, Հայաստանից ինչպես չկար, այնպես էլ՝ շարունակում են չլինել արտահանումներ այդ երկրներ։

Հայաստանից Թուրքիա արտահանումները գրեթե զրոյական մակարդակի են։ Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին 5 ամիսներին այդ երկիր է գնացել ընդամենը 330 հազար դոլարի ապրանք։ Սա նույնիսկ արտահանում դժվար է համարել, չնայած անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումները նույնիսկ կրկնապատկվել են։

Ադրբեջան արտահանում ընդհանրապես չի իրականացվել։ Փոխարենը՝ Ադրբեջանն աստիճանաբար մեծացնում է իր ներկայությունը Հայաստանի ներմուծումների մեջ։ Այդ գործընթացը սկսվեց անցած տարվա վերջից։ Անցած տարվա դեկտեմբերին Ադրբեջանից Հայաստան արտահանվեց ոչ մեծ՝ շուրջ 1 մլն դոլարի նավթամթերք։ Այն ժամանակ դա լուրջ դժգոհությունների առիթ տվեց սպառողների շրջանում։ Շատերը հրաժարվում էին ադրբեջանական նավթամթերքների սպառումից։ Սակայն ժամանակի ընթացքում այդ աղմուկը մարեց ու հիմա Ադրբեջանից արտահանում-ներմուծումները Հայաստան սովորական երևույթ են դարձել։

Այս տարվա առաջին 5 ամիսներին Ադրբեջանից Հայաստան ներմուծումները հասել են 12.2 մլն դոլարի։ Հունվարին ներմուծվել է 2.675 միլիոնի, մարտին՝ 3.669 միլիոնի, ապրիլին՝ 4.127 միլիոնի, մայիսին՝ 1.742 միլիոնի ադրբեջանական ապրանք։

Ի տարբերություն ադրբեջանական ներմուծման, հայկական ապրանքներն այդպես էլ ադրբեջանական շուկա չեն հասնում՝ չնայած Հայաստանի իշխանությունների այն հայտարարություններին, որ ապրանքային ցանկեր են փոխանակել։

Փաստացի հայ-ադրբեջանական առևտուրը, որն այդքան ոգեշնչել էր Հայաստանի ղեկավարությանը, կրում է գերազանցապես միակողմանի բնույթ։ Հայկական ապրանքների մուտքն ադրբեջանական շուկա շարունակում է փակ մնալ, իսկ ադրբեջանական ապրանքների ներմուծումը Հայաստան, գնալով թափ է հավաքում։

Չնայած, ի տարբերություն Ադրբեջանի, Թուրքիան վերջին տարիներին միշտ էլ բավական մեծ ներկայություն է ունեցել Հայաստանի ներմուծման մեջ, տարեկան 300-350 մլն դոլարի թուրքական ապրանքներ են գալիս Հայաստան։ Այս տարի թուրքական ապրանքների հոսքերը շատ ավելի մեծ տեմպերով են աճել։

Վերջերս, իհարկե, թուրքական իշխանությունները խորհրդարանական ընտրություններից առաջ, ի աջակցություն հայաստանյան իրենց գործընկերների, առևտրային հարաբերությունների մեջ խորհրդանշական քայլ կատարեցին և «մեծահոգաբար» Հայաստանը ներառեցին թուրքական ծագման ապրանքներ ներմուծող երկրների մեջ։

Այս տարի թուրքական ապրանքների արտահանումը Հայաստան 57 միլիոնով կամ 44 տոկոսով ավելացել Է։ Նույն տեմպերով գնալու պարագայում մինչև տարեվերջ այն կարող է հասնել ընդհուպ 500 մլն դոլարի։

Աղբյուր՝ 168.am

Տարածել

Կարդացեք նաեվ