«Ոչինչ չի կարող կանխել նոր հակամարտությունը, բայց իրարից կախվածություն ունեցող ու իրար հետ առևտուր անող երկրները քիչ հավանական է, որ հակամարտության մեջ մտնեն», - «Սիվիլնեթ»-ի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի խաղաղության առաքելությունների հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի ավագ խորհրդականը:
Արյե Լայթսթոունն ասել է, որ ամերիկյան կողմի համոզմամբ՝ Սյունիքով Նախիջևանը Ադրբեջանին կապող «Թրամփի ուղին» կարող է ամրապնդել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը:
«Այն, ինչ մենք ստեղծում ենք այստեղ Հայաստանի և Ադրբեջանի հետ, հնարավորություն է՝ կապելու ոչ միայն Ադրբեջանն ու Հայաստանը, այլև կապելու ամբողջ տարածաշրջանը։ Այժմ մենք ապրում ենք շատ բարդ ժամանակներում այս տարածաշրջանում և այլուր, որտեղ ապրանքներն ու ռեսուրսները անվտանգ, ապահով և հետևողականորեն տեղափոխելու կարողությունը, թերևս, յուրաքանչյուր երկրի հիմնական պահանջներից է», - ասել է ամերիկացի պաշտոնյան:
Պատասխանելով լրատվամիջոցի հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական հակամարտությունը անվտանգային մարտահրավերներ չի ստեղծում «Թրամփի ուղու» և Հայաստանի համար, ամերիկացի պաշտոնյան ասել է, թե ԱՄՆ-ը չի անի որևէ բան, որը վտանգի տակ կդնի Հայաստանի անվտանգությունը:
«Սա ենթակառուցվածքային նախագիծ է։ Գնացք է լինելու, լինելու է ճանապարհ, խողովակաշարեր, էլեկտրական գծեր: Եվ երբ դա տեղի ունենա, մարդիկ կբացահայտեն, որ դա կհանգեցնի ավելի մեծ բարգավաճման, ավելի շատ էներգիայի ու ավելի մեծ անվտանգության», - ասել է Լայթսթոունը:
Հայաստանի կառավարությունն անցած ամիս հավանություն է տվել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև TRIPP-ի վերաբերյալ կնքված ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագծին:
Հայաստանի Սահմանադրական դատարանը TRIPP համաձայնագրի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը կքննարկի սեպտեմբերին:
Աղբյուր՝ www.azatutyun.am
