ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Սպորտի կառավարման կենտրոնի աշխատակազմին՝ տնօրեն Խորեն Զարգարյանի գլխավորությամբ և անդրադարձել Հայաստանում առաջին անգամ անցկացված Tour of Armenia բազմօրյա պրոֆեսիոնալ հեծանվավազքի արդյունքներին։
ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ նախարարը շնորհակալություն է հայտնել կենտրոնի անձնակազմին մրցաշարի կազմակերպման ու անցկացման համար՝ նշելով, որ դրա հաջողությունը թիմային աշխատանքի արդյունք էր։ Նրա խոսքով՝ Հայաստանի համար սա ամբողջովին նոր փորձ էր, քանի որ երկիրը մինչ այժմ միջազգային բազմօրյա հեծանվավազք չէր անցկացրել, և կազմակերպիչները ստիպված էին արագ սովորել, գործել ճկուն և արձագանքել նաև չնախատեսված խնդիրներին։
Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է, որ Սպորտի կառավարման կենտրոնը ստեղծվել է մոտ երկու տարի առաջ՝ սպորտի ոլորտում մասնագիտացված կառույց ունենալու, ֆեդերացիաների հետ հարաբերություններն ինստիտուցիոնալ դաշտ տեղափոխելու և կարևոր մարզական միջոցառումների կազմակերպումը համակարգելու նպատակով։ Նրա գնահատմամբ՝ Tour of Armenia-ի անցկացումը այդ ուղղությամբ արդյունավետ աշխատանքի օրինակ էր։
Նախարարը նաև նշել է, որ Tour of Armenia-ն նախատեսվում է դարձնել ամենամյա միջոցառում։ Նրա խոսքով՝ այս տարվա փորձի վերլուծությունը պետք է օգնի հետագա տարիներին մրցաշարը կազմակերպել ավելի համակարգված ձևով։ Նա հավելել է, որ ստացված արձագանքները հիմնականում դրական են եղել թե՛ կազմակերպման, թե՛ միջոցառման անցկացման տեսանկյունից, իսկ միջազգային հեղինակավոր հարթակների անդրադարձերը Հայաստանի համար ապահովել են նոր տեսանելիություն։
Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին վստահության և աջակցության համար։ Նա ընդգծել է, որ նախարարության ամբողջ թիմի համագործակցությունն ու արագ արձագանքը թույլ են տվել ավելի արդյունավետ որոշումներ կայացնել նույնիսկ մեծ ծանրաբեռնվածության պայմաններում։ Զարգարյանի խոսքով՝ մրցաշարի կազմակերպմանը զուգահեռ կենտրոնը շարունակել է նաև իր առօրյա աշխատանքը՝ պահելով կապը մարզական ֆեդերացիաների և ենթակառուցվածքների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ոլորտի առաջիկա ծրագրերը՝ կառավարման բարելավման, թվայնացման, նոր ենթակառուցվածքների ստեղծման և սպորտի տնտեսական ներուժի իրացման ուղղությամբ։ Նշվել է, որ առաջիկայում նախատեսվում է գործարկել սպորտի կառավարման տեղեկատվական համակարգը, որը հնարավորություն կտա թվայնացնել նաև ֆեդերացիաների հետ աշխատանքի մի շարք գործընթացներ՝ նպաստելով թափանցիկության, հաշվետվողականության և մոնիթորինգի մեխանիզմների զարգացմանը։



Աղբյուր՝ www.1in.am
