Bankomat

Թղթաբանություն, էլփոստ, ծախսեր․ նպաստի նոր համակարգը թակարդ է դարձել

Լուրեր | 2026/08/18 11:01

Թղթաբանություն, էլփոստ, ծախսեր․ նպաստի նոր համակարգը թակարդ է դարձել

Հայաստանում սոցիալական աջակցության նոր համակարգի խնդիրները

2026 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում ներդրված անապահովության գնահատման նոր, ամբողջությամբ թվայնացված համակարգը պետք է պարզեցներ սոցիալական աջակցության, նպաստների ստացումը, սակայն հազարավոր քաղաքացիների համար դարձել է գլխացավանք։

Սմարթֆոնների, էլեկտրոնային փոստի, տպող սարքերի պահանջն ու Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից հրաժարումը՝ տեղում օգնելու քաղաքացիներին, ձևավորել են «ստվերային ծառայությունների» շուկա, որտեղ անապահով մարդիկ ստիպված են վճարել սեփական դիմումը լրացնելու համար։

Օրեր առաջ ծանոթս թղթերի մի տրցակով մոտեցավ և խնդրեց իր ընտանիքի անդամին, որն ունի հաշմանդամություն, գրանցել «սոցապի կայքում», որից հետո նրա համար «նպաստի» դիմում գրել։

Մինչ այդ գնացել էր Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային կենտրոն՝ ընտանիքի համար անապահովության նպաստի դիմում ձևակերպելու։ Ծառայության աշխատակիցներն ասել էին, թե արդեն իրավունք չունեն դա տեղում անելու, և քաղաքացին պետք է ինքնուրույն լրացնի անապահովության գնահատման դիմումը։

Տվել էին լրացնելու քայլերից բաղկացած մի թերթիկ։ Թվում էր՝ ամեն ինչ պարզ է․ հետևել թերթիկի հրահանգներին ու արագ լրացնել։ Իրականում դա պահանջում է հմտություններ, որոնց տիրապետելը հատկապես ավագ սերնդի և հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար դժվար է, եթե ոչ՝ անհնար։

Նախ՝ որևէ առցանց գործողություն անելու համար քաղաքացին պետք է ունենա բջջային հեռախոս կամ համակարգիչ, ինչպես նաև ինտերնետ կապ։

Արսեն Թորոսյանի ղեկավարած Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որը հավակնում է դառնալ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն, իհարկե, համոզված է, որ անապահովության նպաստի կամ մեկ այլ աջակցության համար դիմող բոլոր քաղաքացիներն ունեն համակարգիչ, սմարթֆոն կամ ինտերնետ հասանելիություն։

Ենթադրենք՝ ունեն։ Անապահովության գնահատման համակարգով աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է առցանց դիմել id.e-social.am միասնական սոցիալական հարթակի միջոցով:

Գրանցվելու համար այն քաղաքացին, որը չունի էլեկտրոնային ստորագրություն և չի կարող այդ եղանակով մուտք գործել, պետք է ունենա հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ, ինչպես նաև լրացնի իր ՀԾՀ-ն (սոցիալական քարտի համարը)։ Գրանցումը հաստատվում է էլեկտրոնային փոստով։

Ենթադրենք նաև, որ անապահովության նպաստի կամ սոցիալական այլ աջակցության համար դիմող քաղաքացիներն ունեն էլեկտրոնային փոստ, հաջողությամբ գրանցվում են համակարգում և ունենում իրենց, այսպես կոչված, «անձնական էջը» (անհատական օգտահաշիվը) կամ դա անում են էլեկտրոնային ստորագրության միջոցով։ Սակայն չբացառենք, որ նրանց մեջ կարող են լինել մարդիկ, որոնք տարրական գործողություններ չեն կարողանում անել համացանցում և հենց գրանցվելու ու մուտք գործելու փուլում արդեն հայտնվում են փակուղում։

Իսկ խոչընդոտների կամ որևէ անհասկանալի խնդրի դեպքում, երբ փորձում ես կապ հաստատել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) կամ նախարարության որևէ հեռախոսահամարով, զանգերին հաճախ չեն պատասխանում։

Այս ամենի արդյունքում, քաղաքացիները ստիպված են դիմել մասնավոր ծառայությունների, որոնք գումար են պահանջում դիմումների լրացման համար՝ 5,000-10,000 դրամ։ Սա ոչ այլ ինչ է, քան աղքատության «հարկ», որը ձևավորվել է ՄՍԾ կենտրոնների անգործության և ուղղորդված մերժումների արդյունքում։

ՀԿ-ն պահանջում է վերականգնել թղթային դիմումների ընդունման հնարավորությունը։

Աղբյուր՝ hetq.am

Տարածել

Կարդացեք նաեվ