Սիսիանում 28 մայիսի պարկում գտնվող 8-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքի սեփականությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորությունների շրջանակներում, ուսումնասիրել է տարբեր անձանց հողատարածքների հատկացման փաստաթղթերը: Ստուգման արդյունքում պարզվել է, որ 0,05308 հա մակերեսով հողատարածքը հատկացվել է ֆիզիկական անձի՝ կառուցապատման իրավունքով, օրենքի պահանջները խախտելով: Դատախազությունը Սիսիանի համայնքի ղեկավարին ներկայացրել է առաջարկություն՝ 2009 թվականի հունիսի 11-ին համայնքի և կառուցապատողի միջև կնքված կառուցապատման իրավունքի պայմանագիրը լուծելու միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Հիմք ընդունելով առաջարկությունը, Սիսիանի համայնքի համապատասխան մարմինների ձեռնարկած միջոցների արդյունքում, Կադաստրի կոմիտեն լուծել է հողատարածքի կառուցապատման գրանցված իրավունքը, որի կադաստրային արժեքը կազմում է 997 հազար դրամ, ինչը մոտավորապես համապատասխանում է շուկայական արժեքին: Հողատարածքը վերադարձվել է Սիսիանի համայնքի սեփականությանը:
Պարկը զբաղեցնում է 9595,68 քմ տարածք, որտեղ հողատարածքներ հատկացվել են 17 անձի՝ կառուցապատման իրավունքով պայմանագրերով: Դատախազության միջամտության արդյունքում ներկայումս Սիսիանի համայնքին վերադարձվել է 8 հողատարածք, ընդհանուր մակերեսով 4103,733 քմ: Աշխատանքները շարունակվում են՝ համայնքին վերադարձնելու 12 հողատարածք, որոնք տրամադրվել են 11 անձի:
Աղբյուր՝ arminfo.info
