Bankomat

Շինարարության որակի տեխնիկական հսկողությունը կթվայնացվի

Լուրեր | 2026/08/21 21:01

Շինարարության որակի տեխնիկական հսկողությունը կթվայնացվի

Կառավարությունում քննարկվել են ոլորտի բարեփոխումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր: Այս մասին հաղորդում են Կառավարության լրատվական ծառայություններից:

«Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը մանրամասներ է ներկայացրել շինարարության որակի տեխնիկական հսկողության թվայնացման և իրավական կարգավորումների արդիականացման վերաբերյալ, որոնք ուղղված են լինելու նախագծերի փորձաքննության և որակի բարելավմանը, գնագոյացման նոր քաղաքականության ընդունմանը, շինարարական, կառուցապատող ընկերությունների վարկանիշավորմանը, շենքերի միջազգային հավաստագրման համակարգերի կիրառության խրախուսմանը, բազմաբնակարան շենքերի կառավարման և շահագործման ինստիտուտի զարգացմանը:

Ընդգծվել է, որ բարեփոխումների արդյունքում ակնկալվում է գործընթացի բոլոր մասնակիցների մեկտեղում մեկ միասնական էլեկտրոնային համակարգում, համաձայնեցումների առցանց իրականացում, աշխատանքների արձանագրում իրական ժամանակում, տեղեկատվության առցանց հասանելիություն վերահսկող մարմինների համար, գործընթացների թափանցիկության և վերահսկելիության ապահովում, շինարարության որակի բարելավում:

Այս համատեքստում, ծավալվել է քննարկում շինարարական ծրագրերի կառավարման և տեխնիկական հսկողություն իրականացնող համակարգի ներդրման, մասշտաբայնության, շահագործման և սպասարկման վերաբերյալ:

Վարչապետը կարևորել է շինարարության որակի ապահովման և վերահսկողության բարձրացմանն ուղղված գործընթացը, ընդգծել բոլոր փուլերում ստանդարտներին համապատասխանության ստուգման կարևորությունը և հանձնարարել մեկնարկել համակարգի ներդրման համար անհրաժեշտ քայլերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուր՝ hetq.am

Տարածել

Կարդացեք նաեվ