Այս տարվա սեպտեմբերի 1-ից Ռուսաստանի մայրաքաղաքում և Մոսկվայի մարզում միգրացիոն հաշվառման նոր կարգ կգործի, այն կվերաբերի նաև Հայաստանի քաղաքացիներին։ «Ամինա» ("Амина") բջջային հավելվածը պարտադիր կլինի ոչ միայն աշխատանքի մեկնող օտարերկրացիների, այլև ուսանողների և ԵԱՏՄ երկրներում աշխատողների ընտանիքի անդամների համար։ Հավելվածի միջոցով անձը պետք է միգրացին հաշվառում անցնի՝ ներկայացնի անհրաժեշտ բոլոր տվյալներն ու նույնականացվի:
Միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանն է այս մասին հիշեցրել ֆեյսբուքյան իր էջում, իսկ ավելի վաղ մանրամասնել էր. - «Որպեսզի ունենա միգրացիոն հաշվառում, պետք է ունենա «Ամինա» ծրագիրը, որը բջջային հավելված է ու աշխատում է ինտերնետով, և պարբերաբար թարմացումներ չանելու պարագայում անձը կարող է հայտնվել «Վերահսկվող անձանց ռեեստրում» և հետագայում կարող է նաև արտաքսվել:
Միգրացիոն և հարկային պահանջները խախտած օտարերկրյա քաղաքացիները հայտնվում են 2025 թվականի փետրվարից գործող «Վերահսկվող անձանց ռեեստրում», նրանց նկատմամբ կիրառվում են տարբեր սահմանափակումներ, այդ թվում՝ բանկային հաշիվների սառեցում:
Ռուսաստանի իշխանությունները նոր թվային համակարգերի ներդրումը բացատրում են միգրացիոն վերահսկողության ուժեղացմամբ։ Պաշտոնական հիմնավորմամբ՝ «Ամինա»-ն, RuID-ն և այլ հարթակներ պետք են օտարերկրացիների տվյալների հաշվառումը պարզեցնելու, նրանց գտնվելու օրինականությունը ստուգելու և անվտանգության ռիսկերը նվազեցնելու համար:
Այս տարվա ապրիլի վերջի տվյալներով՝ շուրջ 20 հազար ՀՀ քաղաքացու համար սահմանվել է Ռուսաստան մուտքի առնվազն հինգ տարվա արգելք։
Տաթևիկ Բեժանյանի խոսքով՝ վերջին երկուսուկես տարում Ռուսաստան աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է մոտ 30 տոկոսով՝ 100 հազարից հասնելով շուրջ 70 հազարի։
Աղբյուր՝ www.azatutyun.am
