Bankomat

Ռուսական սահմանափակումների ֆոնին գյուղատնտեսության ցուցանիշները նվազել են

Լուրեր | 2026/08/18 03:01

Ռուսական սահմանափակումների ֆոնին գյուղատնտեսության ցուցանիշները նվազել են

Հայաստանի գյուղատնտեսության ցուցանիշները կրկին նվազել են

Ռուսաստանի տնտեսական սահմանափակումներին զուգահեռ վերջին տարիներին փոքր քայլերով ոտքի կանգնող գյուղատնտեսության ցուցանիշներն այս տարվա առաջին կեսին դարձյալ նվազել են՝ գրեթե 12 տոկոսանոց կրճատում կա:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանի նկատմամբ ռուսական սահմանափակումները համընկել են այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում պտուղ-բանջարեղենի համեմատաբար ավելի փոքր ծավալի բերքահավաքին և, գուցե, նաև այս հանգամանքն էր պատճառը, որ միրգ-բանջարեղենի ներկրման սահմանափակումներն անցած ամիսներին լուրջ ցնցումներ չառաջացրեցին:

Ծիրանն, օրինակ, այդպես էլ չէժանացավ, սակայն առաջիկայում խաղողի բերքահավաքն է, դեղձն էլ նոր-նոր է հասնում:

Խնդիրներն ի՞նչ մասշտաբների կհասնեն, առայժմ հնարավոր չէ ասել, բայց Արմավիրի այգեգործներն արդեն ոտքի են ելել, պնդում են՝ դեղձն իրացնել չեն կարողանում:

Այգեգործներին մեկ կիլոգրամ դեղձի համար 100 դրամ են առաջարկում, News.am-ի հետ զրույցում նրանք պնդում էին՝ իրենց ամբողջ տարվա աշխատանքի համար փոքր գումար է:

Արմավիրի համայնքապետի վստահեցումները, թե գործադիրը զբաղվում է այս խնդրով այգեգործներին չեն համոզում:

Արդեն փաստ է՝ Ռուսաստանի քայլերը համընկան Հայաստանում աճած ավելի մեծ քանակի ծաղիկների հետ:

Հունվար-հունիս ամիսներին գրեթե 120 միլիոն հատ ծաղիկ են հավաքել, անցած տարվա նույն ժամանակահատվածում քանակը գրեթե 9 միլիոնով պակաս էր:

Լուրջ խնդիրներ ունեն նաև լոլիկ արտադրողները, վիճակագրությունը փաստում է, որ այլ շուկաներ գտնելու գործադիրի քայլերը ռուսական շուկան չեն փոխարինել:

Մայիսից սկսած և՛ ծաղիկների, և՛ լոլիկի արտահանումը գումարային արտահայտությամբ ընդհուպ կրկնակի նվազել է:

Գյուղատնտեսներից մեկն ասում է.- «Հիմա ինչ ունեմ, արդեն բանկրոտ ջերմոց ա, ես բանկրոտ եմ»:

Արտահանման սահմանափակումները ծաղիկների, լոլիկի գների էական նվազման են հանգեցրել:

Ռուսաստանի սահմանափակումների տակ հայտնված ապրանքներից նաև թարմ ձկան գինն է էապես նվազել:

Այս հուլիսին տարեսկզբի համեմատ գնանկումը գրեթե 12 տոկոսի է հասել:

Չնայած այս սահմանափակումներին՝ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն ու արտահանումների հիմնական ուղղությունը:

Այս տարվա առաջին կեսին Հայաստանից ընդհանուր գրեթե 3.5 միլիարդ դոլարի ապրանք են արտահանել, շուրջ 36 տոկոսը կամ ավելի քան 1.2 միլիարդ դոլարը ռուսական շուկա է մտել:

Միայն հունիս ամսին՝ երբ Ռուսաստանի սահմանափակումներն արդեն ուժի մեջ էին, Հայաստանից գրեթե 200 միլիոն դոլարի ապրանք է ռուսական շուկա մտել:

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ