Bankomat

Ռուս-հայկական հարաբերությունները ներկայում «միակողմանի երթևեկությամբ փողոց» են հիշեցնում․ Մատվիենկո

Լուրեր | 2026/08/07 02:01

Ռուս-հայկական հարաբերությունները ներկայում «միակողմանի երթևեկությամբ փողոց» են հիշեցնում․ Մատվիենկո

Ռուբեն Ռուբինյանը խոսել է Ռուսաստանի Դաշնության շուկայում հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների մասին

Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Վալենտինա Մատվիենկոյի հետ։

Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ հայաստանյան ապրանքների՝ Ռուսաստանի Դաշնության շուկա արտահանման սահմանափակումները մտահոգիչ են և կարևորել խնդրի կարգավորումը՝ երկու երկրների միջև գործող իրավապայմանագրային հիմքի և Եվրասիական տնտեսական միության կարգավորումների շրջանակներում։

ՀՀ ԱԺ նախագահն ու ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը քննարկել են նաև ՀՀ–ի և Եվրոպական միության հարաբերությունների օրակարգը։ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից ակնկալվող՝ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միությանն անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացումը կարող է գործնականում հնարավոր դառնալ միայն Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում ներկայացնելուց և գործընթացի՝ առարկայական փուլ մտնելուց հետո։

Մոսկվան կարող է ռուսաստանցի զբոսաշրջիկներին հետ պահել Հայաստան այցելելուց, եթե այնտեղ շարունակվի 3–րդ երկրների հարցումներով ՌԴ քաղաքացիների ձերբակալությունների պրակտիկան։ Դաշնության խորհրդի խոսնակն ուշադրություն է հրավիրել Հայաստանում ՌԴ քաղաքացիների համակարգված ձերբակալությունների վրա։

«Ռուս-հայկական հարաբերությունները ներկայում «միակողմանի երթևեկությամբ փողոց» են հիշեցնում։ Երևանի կողմից հնչում են հայտարարություններ Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման կարևորության մասին, սակայն այդ խոսքերը հաճախ չեն համապատասխանում կոնկրետ գործերին»,–ասել է Մատվիենկոն։

Կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները։ Նշվել է երկկողմ միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների վերսկսման կարևորությունը, որի հերթական նիստը նախատեսվում է անցկացնել մոտ ժամանակներս։

Զրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։

Աղբյուր՝ panorama.am

Տարածել

Կարդացեք նաեվ