Bankomat

Ռումինիան արտակարգ միջոցներ է ձեռնարկում՝ Դանուբի ջրի մակարդակը

Լուրեր | 2026/08/23 06:01

Ռումինիան արտակարգ միջոցներ է ձեռնարկում՝ Դանուբի ջրի մակարդակը

Ռումինիայի կառավարությունը պայքարում է ջրի մակարդակի նվազման դեմ

Ռումինիան արտակարգ միջոցներ է ձեռնարկում՝ Դանուբի ջրի մակարդակը բարձրացնելու և Չերնավոդայի ԱԷԿ-ի աշխատանքը վերականգնելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ռումինիայի իշխանությունները նոր արտակարգ միջոցառումներ են ձեռնարկել՝ Դանուբ գետի ջրի մակարդակը բարձրացնելու և Չերնավոդայի ատոմակայանի հովացման համակարգերի համար անհրաժեշտ ջրամատակարարումն ապահովելու նպատակով։ Որոշումն ընդունվել է Դանուբի վերջին տասնամյակների ընթացքում գրանցված ամենացածր ջրահոսքի պայմաններում։

Չերնավոդայի ատոմակայանը ներկայումս ամբողջությամբ կանգնած է։ Դրա երկու էներգաբլոկներն էլ դադարեցվել են Դանուբի ջրի մակարդակի կտրուկ նվազման պատճառով, քանի որ գետի ջուրն օգտագործվում է կայանի հովացման համակարգերում։ Ռումինիայի կառավարությունը օգոստոսին արտակարգ դրություն է հայտարարել՝ կապված նաև ատոմային արտադրության դադարեցմամբ պայմանավորված էլեկտրաէներգիայի արտադրության անկման հետ։

Իրավիճակը մեղմելու համար իշխանությունները նախատեսում են անհապաղ շարունակել Դանուբի հունի խորացման և մաքրման աշխատանքները Չերնավոդայի հատվածում։ Միաժամանակ Հին Դանուբի ջրանցքի երկայնքով նախատեսվում է կառուցել հատուկ ջրաբաշխիչ կառույց, որը թույլ կտա ջրի հոսքն ուղղել դեպի Դանուբ-Սև ծով ջրանցքի այն հատվածը, որտեղից ջուր է վերցվում ատոմակայանի հովացման համակարգերի համար։

Բացի այդ, հիդրոէներգետիկայի օպերատոր Hidroelectrica-ն շաբաթ օրվանից հինգ օրվա ընթացքում լրացուցիչ ջուր կթողի Օլտ գետի ջրամբարներից։ Նախատեսվում է Դանուբի հոսքը համալրել միջինում մոտ 50 խորանարդ մետր ջրով վայրկյանում։ Իշխանությունների գնահատմամբ՝ այդ ջրառը միաժամանակ հնարավորություն կտա լրացուցիչ հիդրոէլեկտրաէներգիա արտադրել։

Արտակարգ իրավիճակների ծառայությունները նաև պատրաստվում են անհրաժեշտության դեպքում գործարկել բարձր հզորության պոմպեր՝ ատոմակայանի տարածքում ջրի մակարդակը պահանջվող սահմաններում պահելու համար։

Դանուբի ջրի աննախադեպ նվազումը վերջին շաբաթներին լուրջ խնդիրներ է ստեղծել ոչ միայն Ռումինիայի, այլև տարածաշրջանի էներգետիկ համակարգերի համար։

Աղբյուր՝ panorama.am

Տարածել

Կարդացեք նաեվ