ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կայանալիք հանդիպմանը, կքննարկեն Հայաստանի՝ ԵՄ անդամակցության ձգտումը և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ համագործակցությունը։
«Մենք պլանավորում ենք զրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի հետ։ Մենք շարունակում ենք պնդել, որ Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունից։ Այս հարցը պետք է ինչ-որ կերպ լուծվի։ Եվ նախագահն ու վարչապետը, անկասկած, կքննարկեն սա»,- ասել է Ուշակովը։
Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող ձերբակալություններին՝ Պուտինի օգնականը նշել է, որ դրանք Մոսկվայում «մեծ մտահոգություն» են առաջացնում։ «Իհարկե, այս զրույցը տեղի կունենա անսովոր ֆոնի վրա, երբ ընդդիմության առաջնորդները զանգվածաբար ձերբակալվում են, հատկապես նրանք, ովքեր պաշտպանում և պաշտպանել են մեր երկու երկրների միջև ավանդական բարիդրացիական հարաբերությունների վերականգնումը։ Այսինքն՝ այս թեման անկասկած կքննարկվի։ Եվ, իհարկե, Հայաստանի ղեկավարության այս գիծը մեզ համար մեծ մտահոգություն է առաջացնում»,- հավելել է Ուշակովը։
ՇՀԿ գագաթնաժողովը կանցկացվի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ Ռուսաստանի պատվիրակության կազմում կլինեն նաև ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և նախագահի օգնական Մաքսիմ Օրեշկինը։
Աղբյուր՝ www.1in.am
