Bankomat

Փոխվարչապետը ընդունել է ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Լուրեր|2026/09/17 11:04
Փոխվարչապետը ընդունել է ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Կողմերը քննարկել են ընթացիկ ծրագրերը և համագործակցության նոր հնարավորությունները։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) մշտական ներկայացուցչության տնօրեն Լյազիզա Սաբիրովային։

Կառավարության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱԶԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը և մտքեր փոխանակել համագործակցության հնարավոր նոր ուղղությունների շուրջ։

Մհեր Գրիգորյանը նաև ընդգծել է ԱԶԲ-ի և մասնավոր հատվածի համագործակցության զարգացման կարևորությունը։ Զրուցակիցները անդրադարձել են նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին և այն հեռանկարներին, որոնք կարող են բացվել տարածաշրջանի երկրների համար։

Ասիական զարգացման բանկը Հայաստանի խոշոր վարկատուներից մեկն է և 2025 թվականի ապրիլի դրությամբ երկրի արտաքին վարկավորման կառուցվածքում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 21.2% բաժնեմասով։

ԱԶԲ-ն Հայաստանի հետ աշխատում է 2005 թվականից։ Այդ ընթացքում բանկը երկրում իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են եղել տրանսպորտային, ֆինանսական, էներգետիկ, ջրային և այլ ենթակառուցվածքների զարգացմանը։

Ապրիլին հրապարակված իր նորացված կանխատեսմամբ ԱԶԲ-ն Հայաստանի համար 2026 թվականին կանխատեսել էր ՀՆԱ-ի 5.5% աճ, իսկ 2027 թվականին՝ աճի արագացում մինչև 5.7%։

Աղբյուր՝ finport.am

Տարածել

Կարդացեք նաեվ