Bankomat

Փոշոտված սարքավորումներ ու անհետացած միլիոններ․ ԵՄ-ի «կանաչ» ծրագրի քրեական ավարտը Վանաձորում

Լուրեր | 2026/08/21 05:00

Փոշոտված սարքավորումներ ու անհետացած միլիոններ․ ԵՄ-ի «կանաչ» ծրագրի քրեական ավարտը Վանաձորում

Վանաձորում ԵՄ-ի 4 միլիոն եվրոյի ծրագրի պատասխանատուները մեղադրյալ են

Վանաձորին ու Գյումրիին Եվրամիության հատկացրած 4 միլիոն եվրոյի ծրագրի պատասխանատուները ծրագրի ավարտից երկու տարի անց քննիչների հարցերին են պատասխանում՝ մեղադրյալի կարգավիճակով:

Դատարանն այսօր 2 ամսվա տնային կալանք և 20 միլիոն դրամ գրավ կիրառեց ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրիի նկատմամբ: Տնային կալանքի տակ է նաև ծրագրի տրանսպորտային հարցերով փորձագետ Դավիթ Մելքոնյանը: Նախօրեին ձերբակալված Լափաուրիին Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրել կաշառք ստանալու, գույքի հափշտակության, փողերի լվացման և պաշտոնեական կեղծիքի, իսկ Մելքոնյանին՝ կաշառքին օժանդակելու համար:

Ո՞վ է կաշառք տվել, ի՞նչ գույք է հափշտակվել ու ինչպես: Այս հարցերը դեռ անպատասխան են։ Հակակոռուպցիոնն առայժմ մանրամասներ չի հայտնում:

«Ազատությունն» այս ծրագրի կասկածելի գործարքների մասին հետաքննություն էր հրապարակել դեռ մեկուկես տարի առաջ։ 2020-ին Եվրամիության նվիրաբերած 4 միլիոն եվրոյով նախատեսվում էր Գյումրիում և Վանաձորում ներդնել էկոլոգիապես մաքուր տրանսպորտ, աղբի վերամշակման հոսքագծեր և թվային կառավարման համակարգ:

Ծրագրի ավարտից տարիներ անց, մինչդեռ, խոստացված միջազգային ստանդարտների փոխարեն՝ Վանաձորում շահագործվում է ընդամենը հինգ էլեկտրական ավտոբուս, իսկ Գյումրիում ընդհանրապես ոչ մի ներդրում, ևս հինգ ավտոբուս արդեն երկու տարի անշարժ կայանած է բաց երկնքի տակ:

Թե ուր է Եվրամիության 4 միլիոնը կամ ինչպես էր ծրագրի պատասխանատուն Նատալյա Լափաուրին ծրագիրը լիարժեք իրականացված համարում դեռ անցած տարի՝ անհայտ է:

Ծրագրի պատասխանատուն Վանաձորի համայնքապետարանն էր։ 2021-ին նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, հետագայում նաև նրան փոխարինած Արկադի Փելեշյանի ձևավորած աշխատակազմի առնվազն կեսը քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների հարազատներն ու ընտանիքի անդամներն էին:

«Ազատության» հարցումներին ի պատասխան՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը հայտնում էր ֆինանսական աուդիտներ իրականացնելու մասին՝ առանց հստակ մանրամասների:

«Եվրոպական միության ընթացակարգերին համապատասխան գնումների ողջ գործընթացն իրականացրել է Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմը։ Եվրամիությունը հաշվետվությունների ներկայացման հետ հսկողություն է իրականացնում որպես այս ծրագրի պատվիրատու մարմին:

Վանաձորում շահագործված ավտոբուսներում վճարումները մինչ օրս վարորդներն են ստանում, իսկ խոստացված աղբի վերամշակմանից նշույլ անգամ չկա:

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ