Bankomat

Պետական պարտքի մասին խոստումը դուրս է մնացել կառավարության ծրագրից

Լուրեր | 2026/08/24 23:00

Պետական պարտքի մասին խոստումը դուրս է մնացել կառավարության ծրագրից

Հայաստանի պետական պարտքի հարցը կառավարության ծրագրում չի ներառվել

Հայաստան Պետական պարտքի մասին խոստումը դուրս է մնացել կառավարության ծրագրից: Կիսվել Կիսվել Ավելացրեք մեզ Google-ում Խորհրդարանական ընտրություններում հաղթելուց 2.5 ամիս անց իշխանությունները ընտրողներին տված մի առանցքային խոստում չեն ներառել կառավարության հնգամյա ծրագրում. Նախընտրական ծրագրով խոստացել էին աստիճանաբար նվազեցնել պետական բյուջեի դեֆիցիտը, որ ծրագրերն իրականացնելու համար աստիճանաբար ՀՆԱ-ի համեմատ ավելի քիչ պարտք վերցնեն:

Այժմ Ազգային ժողովում քննարկվող կառավարության հնգամյա ծրագրում, սակայն, այդ տողը բացակայում է, մինչդեռ, ընտրություններից առաջ այդ խոստումն անձամբ վարչապետ Փաշինյանն էր տվել: «Այսպիսով մենք իրականացնելու ենք Հայաստանի Հանրապետության պետական պարտքի աստիճանական նվազման գործընթաց»: Ինչպես Նիկոլ Փաշինյանն անձամբ է ասում՝ առաջին անգամ են երկար աշխատել կառավարության ծրագրի վրա, վարչապետի խոսքերից կարելի է ենթադրել, որ ամեն ձևակերպում չափել-ձևել են:

Պետական պարտքի բեռը կրկնապատկելու համար իշխանությունները հաճախ են քննադատության թիրախում հայտնվում: Կառավարող մեծամասնությունը թեև հանրային արձագանքներում մշտապես պնդում է՝ պարտքը կառավարելի է և ռիսկեր չկան, սակայն նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացան նաև այդ բեռը թեթևացնել:

Ամենաթարմ՝ հուլիս ամսվա տվյալներով Հայաստանի պետական պարտքն ավելի քան 14 միլիարդ դոլար է կազմում: Միայն 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված ծրագրերն իրականացնելու համար այս տարի գործադիրը ևս 537.5 միլիարդ դրամ՝ ներկայիս փոխարժեքով շուրջ 1.5 միլիարդ դոլար պարտք պետք է վերցնի:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով, թեև այդ տողը ծրագրում չկա, սակայն այդ նպատակից չեն հրաժարվել: «Մեր նպատակադրումները դրանից չեն փոխվել, որովհետև մեր նպատակադրումները որոշել ենք չափել մի շատ կարևոր ցուցանիշով, որը պարտքի սպասարկման գումարի նվազեցումն է»: Ֆինանսների նախարարն, ըստ էության, համաձայն է՝ խնդիր է նաև պարտքի սպասարկումը:

Շաբաթներ առաջ կառավարությունը որոշեց Ասիական զարգացման բանկից ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից ընդհանուր ևս 320 միլիոն դոլարի նոր վարկեր վերցնել՝ գումարն ուղղելով ներդրումների ու առևտրի ազատականացմանը:

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ