Bankomat

Փաշինյանը պնդում է՝ «շատ գոհ կլինեմ», եթե Հայաստանը հեռացնեն ՀԱՊԿ-ից

Լուրեր | 2026/08/24 15:01

Փաշինյանը պնդում է՝ «շատ գոհ կլինեմ», եթե Հայաստանը հեռացնեն ՀԱՊԿ-ից

Վարչապետը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ում աշխատանքները չեն ակտիվացվի

Մենք ՀԱՊԿ-ում մեր աշխատանքները չենք ակտիվացնելու, Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գիտեմ, որ ՀԱՊԿ-ում քննարկումներ կան, կազմակերպության կանոնադրությունն էլ նախատեսում է նման բան, որ կարելի է երկրին հեռացնել կազմակերպությունից: Շատ գոհ կլինեմ, եթե ՀԱՊԿ-ում որոշեն Հայաստանը հեռացնել կազմակերպությունից: Համենայնդեպս մեզ կազատեն դուրս գալ-չգալու երկընտրանքից», - ասաց Փաշինյանը:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի ուշ հայտարարեց՝ Հայաստանը կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե Երևանին այլևս անհրաժեշտ չէ այդ կազմակերպությանն անդամակցությունը:

Կրեմլի ներկայացուցիչը մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը նշել է, որ դժվարանում է հասկանալ, թե ինչ է նշանակում՝ «գոհ կլիներ, եթե իրեն հեռացնեին»։

Ռուսաստանը ակտիվացրել է ՀԱՊԿ-ի հարցով Հայաստանի նկատմամբ ճնշումը՝ բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների շուրթերով պարբերաբար հիշեցնելով Երևանին, որ հնարավոր է պատժամիջոցներ կիրառվեն:

Երևանն արդեն չորրորդ տարին է՝ բոյկոտում է ռազմական դաշինքում աշխատանքները։ 2022-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումից հետո, երբ ՀԱՊԿ-ը ոչ միայն օգնություն չցուցաբերեց Հայաստանին, այլև քաղաքական գնահատական չտվեց հայկական տարածքների օկուպացիային, պաշտոնական Երևանը դադարեց մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին, հրաժարվեց գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ 2024-ի փետրվարին արդեն դաշինքին անդամակցությունը սառեցվեց, իսկ հայկական կողմը դադարեց մուծել նաև անդամավճարը։

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ