
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է գազի գնի հնարավոր թանկացման թեմային՝ կոչ անելով չառաջնորդվել «Կիկոսի մահվան» տրամաբանությամբ։
Փաշինյանի խոսքով՝ «Կիկոսի մահը» կարևոր տեղ ունի մեր սոցիալ-հոգեբանական պատկերացումների մեջ, սակայն, նրա գնահատմամբ, պետք չէ ամեն հարցում և ամեն իրավիճակում ելնել ամենավատ սցենարից։
Վարչապետը նշել է, որ Հայաստանը կայուն զարգանում է և շարունակելու է կայուն զարգանալ։ Նրա խոսքով՝ եթե առաջանա որևէ գին կառավարելու անհրաժեշտություն, կառավարությունը դա կանի, իսկ եթե նման կարիք չլինի, չի միջամտի։
«Երբ որ խնդիր կլինի ինչ-որ գին կառավարել, կկառավարենք, չի լինի կարիք, չենք կառավարի»,- ասել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ մշտապես կանխավարկածային վտանգների տրամաբանությամբ աշխատելը կառավարության գործելակերպը չէ։
Նա նաև հավելել է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բազմաշերտ են, և այդ հարաբերություններում առկա են բազմաթիվ խնդիրներ, հարցեր ու հնարավորություններ, որոնց ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։
Աղբյուր՝ panorama.am
