
Ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթը հեռացել է Berkshire Hathaway-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից և ստացել պատվավոր նախագահ՝ Chairman Emeritus, կարգավիճակ։ Ընկերությունը հայտնել է, որ որոշումն ուժի մեջ է մտել անմիջապես՝ ուրբաթ օրվանից։
Տնօրենների խորհրդի նոր նախագահ է ընտրվել ներդրողի որդին՝ Հովարդ Բաֆեթը, որը Berkshire Hathaway-ի խորհրդի կազմում է 1993 թվականից։
Միաժամանակ, 96-ամյա Ուորեն Բաֆեթը կմնա ընկերության տնօրենների խորհրդի անդամ և, ինչպես նշվում է Berkshire Hathaway-ի հաղորդագրությունում, կշարունակի կիսվել իր գնահատականներով ու փորձով։
Բաժնետերերին ուղղված իր դիմումում Բաֆեթը գրել է. «Time always wins. However, it has been kind to me»։
Berkshire Hathaway-ի գլխավոր տնօրեն Գրեգ Աբելը տնօրենների խորհրդի անունից նշել է, որ Բաֆեթի ազդեցությունը ընկերության և դրա բաժնետերերի վրա ամերիկյան բիզնեսի պատմության մեջ աննախադեպ է։ Նրա խոսքով՝ Բաֆեթի ձևավորած կորպորատիվ մշակույթն ու արժեքները կմնան Berkshire-ի հիմքում։
Հովարդ Բաֆեթը 1999 թվականից ղեկավարում է Howard G. Buffett Foundation-ը, որի գործունեությունը, մասնավորապես, կենտրոնացած է համաշխարհային պարենային անվտանգության և հակամարտությունների հետևանքների մեղմման հարցերի վրա։ Նախկինում նա ընդգրկված է եղել նաև մի շարք խոշոր ընկերությունների տնօրենների խորհուրդներում։
Ավելի վաղ Ուորեն Բաֆեթը Berkshire Hathaway-ի գլխավոր տնօրենի պաշտոնը փոխանցել էր Գրեգ Աբելին։ Ընկերության տարեկան հաշվետվության համաձայն՝ 2026 թվականի փետրվարի վերջի դրությամբ Աբելը զբաղեցնում էր Berkshire-ի president և CEO պաշտոնները, մինչդեռ Բաֆեթը շարունակում էր ղեկավարել տնօրենների խորհուրդը։
Berkshire Hathaway-ը գործում է տարբեր ոլորտներում՝ ներառյալ ապահովագրությունը և վերաապահովագրությունը, էներգետիկան, երկաթուղային փոխադրումները, արդյունաբերությունը, ծառայությունների ոլորտը և մանրածախ առևտուրը։ Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում՝ BRK.A և BRK.B տիքերներով։
Աղբյուր՝ armbanks.am
