Bankomat

Որ դեպքում աշխարհը կարող է բախվել ցորենի պակասի

Լուրեր | 2026/08/21 18:43

Որ դեպքում աշխարհը կարող է բախվել ցորենի պակասի

Ցորենի մատակարարումների կրճատումը բարձրացնում է պարենային անվտանգության ռիսկերը

Ցորենի համաշխարհային ներկրողները պատրաստվում են մատակարարումների կրճատմանը, գրում է Reuters-ը․ Սև ծովում հացահատիկային ենթակառուցվածքների վրա հարձակումները խաթարում են առաքումները՝ բարձրացնելով գները և մեծացնելով պարենային անվտանգության ռիսկերը խոշոր գնորդների համար:

Լրատվական գործակալության տվյալներով՝ Չիկագոյում ցորենի բենչմարք ֆյուչերսների գները հուլիսի սկզբից աճել են ավելի քան 17%-ով՝ հիմնականում Սևծովյան տարածաշրջանից մատակարարումների պակասի պատճառով։ Ֆիզիկական շուկայում գները նույնպես զգալիորեն բարձրացել են մրցակից արտահանողների՝ Արգենտինայի, Ավստրալիայի և ԱՄՆ-ի մոտ:

Վերջին շաբաթներին Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարձակումներ են իրականացրել նավահանգիստների և նավերի վրա։ Արդյունքում փակվել են հացահատիկային տերմինալներ, իսկ բեռնառաքող ընկերությունները ստիպված են եղել հետաձգել կամ չեղարկել տասնյակ խմբաքանակների բեռնումը՝ արտահանման սեզոնի ամենաթեժ շրջանում:

Reuters-ի գնահատմամբ՝ Ասիայում հացահատիկ վերամշակող ընկերությունները հուլիսից սեպտեմբեր մատակարարման ժամկետով պայմանագրեր են կնքել Սևծովյան տարածաշրջանից մոտ 2-2.5 մլն տոննա ցորենի ձեռքբերման համար։ Սա կազմում է ներկրման պահանջարկի մոտ 30-50%-ը։ Սակայն աճում են մտավախությունները, որ մի քանի խմբաքանակ կարող է ժամանակին չհասնել:

Ինդոնեզիայի ալրաղացների ասոցիացիայի ներկայացուցիչը հայտնել է, որ ներկայիս պաշարները բավարար են պարենային ցորենի մոտակա պահանջարկը բավարարելու համար:

«Սակայն մենք մեծ ավելցուկային պաշարներ չունենք։ Եթե Ռուսաստանից և Ուկրաինայից մատակարարումները չկայանան, ստիպված կլինենք բեռներ փնտրել այլ երկրներից, օրինակ՝ Բուլղարիայից, Ավստրալիայից, Ռումինիայից և Արգենտինայից», – հավելել է նա:

Ներկրման վերաուղղումը դեպի այլ մատակարարներ զգալիորեն ավելի թանկ կարժենա:

Reuters-ի տվյալներով՝ ավստրալական Premium White ցորենն այժմ Ասիա հասցնելու արժեքն ու փոխադրավարձը ներառյալ վաճառվում է մոտ 315-320 դոլարով՝ մեկ տոննայի դիմաց, ինչը զգալիորեն բարձր է ամենաէժան ամերիկյան ցորենի գնից՝ մոտ 305 դոլար մեկ տոննայի համար։ Սևծովյան տարածաշրջանից խմբաքանակների մեծ մասն առաջարկվում է մոտ 260-280 դոլարով՝ մեկ տոննայի դիմաց:

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ