Հայաստանում նվազագույն կենսաթոշակի չափը կրկին կբարձրանա և կհասնի 47 հազար դրամի։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարի խոսքով՝ սոցիալական փաթեթի ծրագիրը, որը գործում էր 2012 թվականից, 2027 թվականի հունվարից կավարտվի։ Նա նշել է, որ ծրագիրն իր գործառույթը կատարել է և այլևս չի դիտարկվում որպես արդիական գործիք։
Թորոսյանը պարզաբանել է, որ սոցիալական փաթեթի փոխարեն պետությունը աշխատող քաղաքացիներին առաջարկում է ավելի բարձր որակի բժշկական ապահովագրություն։ Նրա խոսքով՝ այդ համակարգը 2027 թվականի հունվարից հասանելի կլինի նաև այն աշխատողների համար, որոնց աշխատավարձը 200 հազար դրամից քիչ է։
Նախարարը նշել է, որ սոցիալական փաթեթը հատվածական լուծում էր պետական աշխատողների որոշ խմբերի համար և ժամանակին ընկալվում էր որպես աշխատավարձի բարձրացմանը փոխարինող միջոց։ Ըստ նրա՝ վերջին տարիների բարեփոխումների արդյունքում շահառուների տարբեր խմբեր արդեն օգտվում են այլ պետական ծրագրերից, ինչպես նաև կօգտվեն 2027 թվականի հունվարի 1-ից ներդրվող նոր համակարգերից։

Աղբյուր՝ armtimes.com
