Անկախության հռչակագրին նոր Սահմանադրության մեջ հղում չպետք է լինի, կառավարության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ժամկետներից այդպես էլ չխոսեց, միայն ասաց՝ նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի առաջիկա ամիսներին: Երեկ՝ Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի առթիվ վարչապետ Փաշինյանը վերջին հինգ տարվա մեջ առաջին անգամ ուղերձ չհղեց:
«Նոր Սահմանադրության մեջ հղում անել Անկախության հռչակագրին կնշանակի շարունակել Ղարաբաղի շարժումը, կնշանակի վերադառնալ կոնֆլիկտի տրամաբանությանը»,- հայտարարեց Փաշինյանը:
Ադրբեջանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին հռչակագրի ձևակերպումները տարածքային պահանջ է համարում, դրանք Սահմանադրությունից հանելը խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման է դարձրել:
Մինչ ընդդիմությունը պնդում է, որ Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հանելով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ադրբեջանական պահանջներն է կատարում, վարչապետը հայտարարում է՝ նոր Սահմանադրության ընդունման օրակարգը «մաքուր» հայաստանյան է:
ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չստացավ, բայց նոր Սահմանադրության օրակարգից էլ չհրաժարվեց:
«ՀՀ քաղաքացիները քվեարկելով «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին, քվեարկել են նաև այդ օրակարգի օգտին, որովհետև նոր Սահմանադրության ընդունումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից մեկն է»,- նշեց նա:
Նոր Սահմանադրության ընդունման օրակարգից հրաժարվելու մասին իշխանությունները չեն խոսում:
Աղբյուր՝ www.azatutyun.am
