Bankomat

Նոր մեղադրյալներ Գագիկ Ծառուկյանի գործով

Լուրեր | 2026/08/06 10:01

Նոր մեղադրյալներ Գագիկ Ծառուկյանի գործով

Գագիկ Ծառուկյանի գործով ձերբակալվել են նոր անձինք

Իրավապահներն այսօր ձերբակալել են ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի բիզնես կայսրության տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյանին:

Փաստաբան Հովիկ Սուքիասյանը շատ մանրամասներ չփոխանցեց, ասաց միայն, որ պաշտպանյալը մեղադրվում է նույն գործով, որով մեկ ամիս առաջ կալանավորվեց Գագիկ Ծառուկյանը: Ձերբակալված է նաև «Մուլտի տրանսպորտ»-ի տնօրեն Արթուր Դալլաքյանը:

Իրավապահները ԲՀԿ առաջնորդին մեղադրում են իրանցի գործարարներից մոտ 22 միլիոն դոլարի գույք և դրամական միջոցներ հափշտակելու և փողերի լվացման համար: Այսօրվա հաղորդագրությունում Քննչական կոմիտեն պնդում է, որ «Մուլտի Գրուպ Կոնցեռն»-ի նախկին գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյանն ու Արթուր Դալլաքյանն օժանդակել են Ծառուկյանին:

Ի դեպ, ամիսներ առաջ դատարանն Առուստամյանին մեղավոր էր ճանաչել 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու գործով, արդարացրել՝ Գագիկ Ծառուկյանին, որն իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց այս խորհրդարանական ընտրություններից հետո:

70-ամյա Ծառուկյանի առաջնորդած ԲՀԿ-ն մի քանի տասնյակ ձայնով դուրս մնաց խորհրդարանից, երբ ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց երկու տեղամասերում քվեարկության արդյունքները: Արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» որոշիչ մեծամասնության հասավ խորհրդարանում:

Ինչո՞ւ է Կադաստրը «Մուլտի Վելնես»-ը գրանցել որպես Երևանի սեփականություն

Ընտրություններից հետո իրավապահները սկսեցին ստուգումներ անել Ծառուկյանի բոլոր ընկերություններում, կապարակնքեցին գործարաններից մինչև ռեստորանների դռները: Քննչականը դեռ փակ է պահում այդ դռները՝ պատճառաբանելով քննչական գործողությունները:

Կառավարությունն արդեն տնօրինում է Ծառուկյանի «Արարատցեմենտն» ու «Արարատ կոնյակի-գինու-օղու» կոմբինատը, կառավարիչներ է նշանակել: Երևանի քաղաքապետն էլ հունիսին միակողմանի դադարեցրել է «Մուլտի Վելնես»-ի հողի վարձակալության պայմանագիրը՝ անունը փոխել «Երևան Վելնես»:

Ավելին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ծառուկյանից վերցրել է ոչ միայն հողը, այլև դրա վրա կառուցված շինությունն ու ներսի գույքը: Այժմ Ծառուկյանը փորձում է դատական ճանապարհով վերադարձնել սպորտային համալիրի գույքը. սա առաջին դատական հայցն է, որով մեծահարուստ գործարարը վիճարկում է պետության գործողություններն ընտրություններից հետո:

«Մուլտի Վելնես»-ի տնօրեն Արման Փիրոյանն այսօր չցանկացավ փակագծերը բացել, ասաց միայն, որ դատարան են դիմել:

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, «Մուլտի Վելնես»-ի ներկայացուցիչը դատարանից խնդրում է անվավեր ճանաչել հունիսի 8-ին Երևանի քաղաքապետի կողմից կատարած գործարքը, որով քաղաքապետարանը միակողմանիորեն դադարեցրել է կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանի հետ կնքած պայմանագիրը:

Ծառուկյանի փաստաբանը դատարանից պահանջում է նաև անվավեր ճանաչել Կադաստրի որոշումը, որով այս հուլիսի 14-ին դադարեցվել է «Մուլտի Վելնես»-ի կառուցապատման իրավունքը և գույքն ամբողջությամբ գրանցվել է որպես Երևան համայնքի սեփականություն:

Գործը մակագրվել է դատավոր Արշակ Պետրոսյանին, նիստի օրը դեռ հայտնի չէ:

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ