ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման փոփոխություններ՝ ուղղված առավել արդյունավետ և մրցակցային միջավայրի ձևավորմանը:
Կատարած փոփոխություններով հանվել է էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվ (դրամապանակ) բացելու համար բանկային հաշիվ կամ վճարային քարտ ունենալու պարտադիր պահանջը:
Միաժամանակ հնարավորություն է ստեղծվել էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվների լիցքավորումն ու մարումն իրականացնել ոչ միայն անկանխիկ, այլ նաև կանխիկ եղանակով:
Նոր մոտեցմամբ հաճախորդների նույնականացումը կիրականացվի գործող օրենսդրությամբ սահմանված պատշաճ ուսումնասիրության ընթացակարգերի համաձայն՝ ապահովելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի պահանջների լիարժեք պահպանումը:
Նոր կարգավորման արդյունքում հաճախորդների համար էականորեն պարզեցվում է էլեկտրոնային փողի օգտագործումը՝ դարձնելով այն ավելի արագ և հարմար:
Վճարահաշվարկային կազմակերպությունների համար ձևավորվում է ավելի մրցակցային և հավասար դաշտ:
Առաջարկվող փոփոխությունների նպատակն է՝ ընդլայնել էլեկտրոնային փողի օգտագործման հասանելիությունը, ստեղծել հավասար մրցակցային պայմաններ ֆինանսական կազմակերպությունների համար:
Ակնկալվում է, որ փոփոխությունների արդյունքում կավելանա էլեկտրոնային փողի կիրառման տարածվածությունը:
Աղբյուր՝ www.1in.am
