Bankomat

«Մուլտի Ուելնես»-ը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին

Լուրեր | 2026/08/05 17:01

«Մուլտի Ուելնես»-ը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին

«Մուլտի Ուելնես կենտրոն» ընկերությունը դատական հայց է ներկայացրել

«Մուլտի Ուելնես կենտրոն» ընկերությունը դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ։ Ընկերությունը դատարանից պահանջում է

  • 1. անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 08.06.2026 թվականի «Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրից հրաժարվելու մասին» ծանուցմամբ արտահայտված՝ Երևան համայնքի և «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ի միջև 10.10.2016թ. կնքված «Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին» պայմանագրից հրաժարվելու գործարքը։
  • 2. կիրառել անվավերության հետևանքներ՝ անվավեր ճանաչել ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 14.07.2026 թվականին կատարված՝ ք. Երևան, Ալեք Մանուկյան փողոց 11 հասցեի անշարժ գույքի նկատմամբ «Մուլտի Ուելնես» կենտրոն ՍՊ ընկերության կառուցապատման իրավունքի դադարեցման և Երևան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումները՝ վերականգնելով «Մուլտի Ուելնես» կենտրոն ՍՊ ընկերության կառուցապատման իրավունքի պետական գրանցումը։

Հայցադիմումը դատարանը ստացել է օգոստոսի 3-ին։ Այն հաջորդ օրը մակագրվել է դատավոր Արշակ Պետրոսյանին։

Հիշեցնենք՝ հուլիսի 16-ին Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ «Մուլտի Ուելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին։

«Այո՛, հաստատում եմ։ Այդ շինությունը կառուցված է եղել համայնքային տարածքի վրա՝ 60-րդ հոդվածի անօտարելի հողի վրա, կառուցված է խախտումներով։ Համապատասխանաբար, պայմանագրի համաձայն՝ կողմերից մեկը՝ Երևանի քաղաքապետարանը, խզել է պայմանագիրը, և շենքն ամբողջությամբ անցել է Երևանի քաղաքապետարանին։ Դրա վերաբերյալ հետագա հայտարարություններ անպայման կլինեն»,- ասել է Ավինյանը։

Կենտրոնի տնօրեն Արման Փիրոյանը ի պատասխան Ավինյանի մեկ այլ հայտարարության, ըստ որի «Մուլտի Ուելնես Կենտրոն» մարզաառողջարանային համալիրը վերաբացվել է և գործելու է «Երևան Ուելնես Սենթր» նոր անունով, քաղաքապետարանին մեղադրել էր կենտրոնի ողջ շարժական գույքն ապօրինաբար խլելու մեջ:

«Համալիրի ողջ շարժական գույքը՝ մարզական գույք և սարքավորումներ, կահույք, oդափոխման և հովացման համակարգեր, համակարգչային տեխնիկա, լվացքի մեքենաներ, խոհանոցային գույք, հեռուստացույցեր և այլն, պատկանում են «Մուլտի Ուելնես Կենտրոնին», դրանք դուրս չեն բերվել համալիրի տարածքից։

Հայտարարում ենք, որ Երևանի քաղաքապետարանն ապօրինաբար խլել է «Մուլտի Ուելնես Կենտրոնի» ողջ շարժական գույքը, տիրացել այդ գույքերին և անհատույց օգտագործման է հանձնել իր ստեղծած «Երևան Ուելնես Սենթր» կազմակերպությանը»։

Աղբյուր՝ panorama.am

Տարածել

Կարդացեք նաեվ