
Միհրան Խաչատրյանը ազատվել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից։ Պաշտոնից հեռանալու առիթով նա ուղերձ է հղել Կոմիտեի աշխատակիցներին և գործընկերներին՝ ներկայացնելով վերջին տարիներին Հայաստանի քաղաքացիական ավիացիայի համակարգում կատարված աշխատանքը։
Խաչատրյանի խոսքով՝ 2020 թվականին ԵՄ գնահատողական այցի արդյունքներով արձանագրվել էր, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի պետական վերահսկողության համակարգը և ավիացիոն իշխանության կառուցվածքը չեն համապատասխանում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) պահանջներին։ Նա նշել է, որ այդ փուլում Կոմիտեում կային կադրային և գործառութային բացեր, ուստի առաջնահերթությունը դարձել էր ոչ թե առանձին խնդիրների լուծումը, այլ արդյունավետ և կայուն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորումը։
Նրա ներկայացմամբ՝ այդ նպատակով ստեղծվել են երկու նոր ստորաբաժանումներ, վերանայվել է տեսուչների վարձատրության համակարգը, և դրվել են կոմպետենցիայի վրա հիմնված վարձատրության հիմքերը։ Բացի այդ, զրոյից մշակվել, հաստատվել և ներդրվել են ավելի քան 30 նոր քաղաքականություններ և ընթացակարգեր, ինչպես նաև ներդրվել է վերապատրաստումների պլան, որի շրջանակում կազմակերպվել են մասնագիտական դասընթացներ Կոմիտեի աշխատակիցների համար։
Խաչատրյանը նշել է, որ վերահսկողության գործընթացը դարձել է ավելի համակարգված, փաստաթղթավորված և հետագծելի, իսկ ներքին որակի կառավարման համակարգը գտնվում է վերջնական ձևավորման փուլում։ Նրա խոսքով՝ մշակվել է նաև «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծ, որը պետք է ստեղծի ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում՝ անօդաչու թռչող համակարգերի և VTOL տիպի օդանավերի շահագործման ու վերահսկողության իրավական հիմքերը։
Ուղերձում առանձնացվել է նաև միջազգային համագործակցության ընդլայնումը Եվրոպական միության տարբեր ծրագրերի շրջանակում, այդ թվում՝ Արևելյան գործընկերության, Թվիննինգի և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ուղղություններով։ Նա նաև նշել է համագործակցությունը Ռումինիայի, Ֆրանսիայի, Խորվաթիայի, Սլովակիայի և Լիտվայի ավիացիոն իշխանությունների հետ, ինչպես նաև շնորհակալություն հայտնել ICAO/EURONAT-ին, DG MOVE/EASA-ին, Եվրոպական միության պատվիրակությանը և դեսպան Վասիլիս Մարագոսին։
Նախկին նախագահի գնահատմամբ՝ այսօր Կոմիտեն արդեն ունի միջազգային պահանջներին համապատասխանող կառուցվածք, ձևավորված մասնագիտական ներուժ և միջազգային չափանիշների վրա հիմնված կառավարման, որակի ապահովման ու վերահսկողության համակարգ։ Նա ընդգծել է, որ այդ առաջընթացը հաստատվել է ինչպես ԻԿԱՕ-ի 2024 թվականի աուդիտով, այնպես էլ ԵՄ 2025 թվականի գնահատողական այցի արդյունքներով։
Խաչատրյանը նշել է, որ ոլորտում դեռ շատ անելիքներ կան, սակայն աշխատանքը շարունակվելու է արդեն ձևավորված համակարգի, կուտակված փորձի և նոր մասնագիտական ներուժի հիման վրա։ Նա շեշտել է, որ պաշտոնը թողնելով՝ չի հեռանում ոլորտից և պատրաստ է հետագայում ևս նպաստել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի զարգացմանը իր փորձով և գիտելիքներով։
Աղբյուր՝ panorama.am
