Bankomat

Մեքենան չի մատակարարվել, բայց լիզինգային պարտավորությունը պահպանվել է․ ԿԲ-ն չի միջամտում

Լուրեր|2026/09/17 13:02
Մեքենան չի մատակարարվել, բայց լիզինգային պարտավորությունը պահպանվել է․ ԿԲ-ն չի միջամտում

9.3 մլն դրամով ձևակերպված գործարքը հասել է դատարան, իսկ ԿԲ-ն այն դիտարկում է որպես պայմանագրային վեճ։

Հայաստանում լիզինգով ձեռք բերվելիք ավտոմեքենայի շուրջ վեճը տեղափոխվել է դատարան։ Քաղաքացին, որը «ԱյԴի Լիզինգ»-ի և «Եուրո Մոտիվ» ՍՊԸ-ի հետ պայմանագիր էր կնքել Չինաստանից էլեկտրոմոբիլ ներկրելու համար, մեքենան այդպես էլ չի ստացել, սակայն լիզինգային պարտավորությունն ուժի մեջ է մնացել, և նրա հաշվին շարունակում են տույժեր կուտակվել։

Խոսքը Սուրեն Նազարյանի գործարքի մասին է։ 2026 թվականի հունվարի 12-ին կնքված եռակողմ պայմանագրով «Եուրո Մոտիվ»-ը պարտավորվել էր 60 օրվա ընթացքում Չինաստանից ներմուծել և հաճախորդին հանձնել Lixiang L6 Max մոդելի էլեկտրոմոբիլը, որի ընդհանուր արժեքը կազմել է 13.3 մլն դրամ։ «ԱյԴի Լիզինգ»-ը մատակարարին փոխանցել է մեքենայի արժեքի 70%-ը՝ 9.3 մլն դրամ։ Այդ գումարից 2 մլն դրամը վճարել է Սուրեն Նազարյանը որպես կանխավճար, իսկ 7.3 մլն դրամը տրամադրել է «ԱյԴի Լիզինգ»-ը։ Մնացած 30%-ը պետք է վճարվեր մեքենան փաստացի հանձնելուց հետո։

Սակայն 8 ամիս անց մեքենան Հայաստան չի հասել։ Բացի 9.3 մլն դրամից, հաճախորդը վճարել է նաև լիզինգի միջնորդավճար և առանձին գումար՝ մեքենայի թաղանթապատման համար։

ՀՀ Կենտրոնական բանկը, պատասխանելով հարցումներին, նշել է, որ ֆինանսական կազմակերպությունների և սպառողների միջև հարաբերությունները պայմանագրային բնույթ ունեն, և ԿԲ-ն չի կարող միջամտել նրանց ընթացիկ հարաբերություններին։ Կարգավորիչը նաև շեշտել է, որ օրենքով սահմանված կարգով լիցենզավորում և վերահսկում է իր կողմից վերահսկվող կազմակերպությունները, սակայն պատասխանատվություն չի կրում մասնավոր պայմանագրային հարաբերությունների կատարման համար։

Միևնույն ժամանակ, այս գործով ի հայտ է եկել էական հակասություն։ «ԱյԴի Լիզինգ»-ը ավելի վաղ հայտնել էր, որ գործարքը հաստատելու փուլում գնահատել է մատակարարի գործարար հեղինակությունն ու ֆինանսական հուսալիությունը, ինչպես նաև նախկինում բազմիցս հաջող համագործակցել է նրա հետ։ Իսկ ԿԲ-ն իր պատասխանում նշել է, որ մատակարարին և մատակարարման պայմանները ընտրել է հաճախորդը, և լիզինգային կազմակերպությունն այդ գործընթացում որևէ մասնակցություն չի ունեցել։

Սուրեն Նազարյանի խոսքով՝ նախ ուսումնասիրել էր բանկերի և վարկային կազմակերպությունների առաջարկները, ապա ընտրել «ԱյԴի Լիզինգ»-ը։ Նրա պնդմամբ՝ վարկային կազմակերպության աշխատակիցները հայտնել էին, որ աշխատում են որոշակի մատակարարների շրջանակի հետ, և առաջարկել էին նշել ընկերության անունը, որպեսզի հաստատեն՝ համագործակցո՞ւմ են, թե՞ ոչ։ Հետագայում հաճախորդը ընտրել է «Եուրո Մոտիվ» ՍՊԸ-ն, որը հայտնի է նաև Import Auto անվամբ, և ստացել է հաստատում, որ համագործակցություն կա։

Վեճի առանցքային հարցերից մեկը վերաբերում է ռիսկերի բացահայտմանը։ Սուրեն Նազարյանը պնդում է, որ պայմանագրի ստորագրման պահին իրեն պատշաճ չի ներկայացվել այն կարևոր պայմանը, ըստ որի՝ եթե մեքենան չմատակարարվի, լիզինգային կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում, իսկ լիզինգառուն շարունակում է պարտավոր մնալ վճարել գումարը։ Նրա խոսքով՝ այդ դրույթը տեղադրված է եղել Google Drive-ի հղումով հասանելի ֆայլում։

ԿԲ-ն այս առնչությամբ նշել է, որ իր կարգավորումներով ծառայության էական տեղեկությունները, սակագները և պայմանները պետք է ներկայացվեն տվյալ ծառայությունը նկարագրող առանձին ինտերնետային էջում՝ սպառողի համար հստակ և հեշտ հասանելի ձևով։ Ընդհանուր պայմանները կարող են ներկայացվել որպես հավելված այդ էջում։ Սակայն ԿԲ-ն չի հստակեցրել՝ արդյոք կոնկրետ այս դեպքում արձանագրել է խախտում, թե ոչ։

Մեկ այլ վիճահարույց կետը 17% նախավճարն է։ ԿԲ-ն հայտնել է, որ նախավճարի պարտավորությունը սահմանված է պայմանագրի 3.8 կետով, իսկ դրա հաշվարկման կարգը՝ լիզինգի տրամադրման ընդհանուր պայմանների 3.1 կետով։ Ըստ կարգավորիչի՝ պայմանագրում լրացուցիչ ծառայության վճարի պահանջ ամրագրված չէ, ուստի այլ փոխանցումներ դիտարկվում են որպես լիզինգառուի կամային գործողություն։

ԿԲ-ն նաև պարզաբանել է, որ իր իրավական ակտերով սահմանված չէ պարտադիր ապահովագրության կամ բանկային երաշխիքի պահանջ այն դեպքերի համար, երբ ֆինանսական կազմակերպությունը մինչև ապրանքի ներմուծումը կամ մաքսազերծումը մատակարարին փոխանցում է գումարի մեծ մասը։ Այդ ռիսկերը, ըստ կարգավորիչի, ֆինանսական կազմակերպությունները կառավարում են ինքնուրույն։

Միաժամանակ Կենտրոնական բանկը նշել է, որ մշտապես ուսումնասիրում է տարբեր աղբյուրներից ստացվող ազդակները և օրենսդրական անհամապատասխանությունների դեպքում կիրառում է վերահսկողական միջամտություն։ Սակայն չի հայտնել՝ «ԱյԴի Լիզինգ»-ում այս դեպքով իրականացվել է որևէ կոնկրետ ուսումնասիրություն կամ միջամտություն, թե ոչ։

Այսպիսով, գործով հիմնական հարցերը մնում են չպարզաբանված՝ մատակարարի ընտրության մեջ լիզինգային կազմակերպության դերի, հաճախորդին ռիսկերի պատշաճ ներկայացման և չմատակարարված ավտոմեքենայի դիմաց շարունակվող վճարային պարտավորությունների մասով։ Վեճն արդեն դատարանում է։

Աղբյուր՝ hetq.am

Տարածել

Կարդացեք նաեվ