Bankomat

«Մեկ դրամի ուժը»՝ «Կլիմայի փոփոխություն և կանայք» մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր

Լուրեր|2026/09/18 04:04
«Մեկ դրամի ուժը»՝ «Կլիմայի փոփոխություն և կանայք» մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր

Սեպտեմբերին նախաձեռնությամբ հավաքվող միջոցներն ուղղվելու են COP17-ի շրջանակում անցկացվող հատուկ մրցանակաբաշխությանը։

«Մեկ դրամի ուժը» նախաձեռնությունը դարձել է «Կլիմայի փոփոխություն և կանայք» մրցանակաբաշխության գլխավոր գործընկերը։ Սեպտեմբերի ընթացքում նախաձեռնության շրջանակում հավաքվող միջոցները կուղղվեն այդ ծրագրի իրականացմանը, որը կազմակերպվում է COP17-ի շրջանակում։

Նախաձեռնության նպատակը կանանց առաջնորդությունն ու ներդրումը տեսանելի դարձնելն է կլիմայի փոփոխության դեմ պայքարում և կենսաբազմազանության պահպանության գործում։ Մրցանակաբաշխությունն անցկացվում է «Women in Climate and Energy» (WiCE) հասարակական կազմակերպության, «ՕքսԵջեն» հիմնադրամի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP), Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կանանց խմբի (CBD Women’s Caucus) և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության գործընկերությամբ։

Հրապարակման մեջ նշվում է, որ օգոստոսին «Մեկ դրամի ուժը» նախաձեռնության շահառուն «Օռրան» բարեգործական հասարակական կազմակերպությունն էր։ Հավաքված 4,719,020 դրամի շնորհիվ կազմակերպության շահառու երեխաները նոր ուսումնական տարին սկսել են ամբողջությամբ պատրաստված՝ անհրաժեշտ դպրոցական հագուստով և գրենական պիտույքներով։

Idram և IDBank-ի հաղորդակցության և կայուն զարգացման վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշել է, որ շրջակա միջավայրի պաշտպանությունն ու կայուն զարգացումը «Մեկ դրամի ուժը» նախաձեռնության հիմնական ուղղություններից են։ Նրա խոսքով՝ այս նախագիծը լիովին համահունչ է նախաձեռնության արժեքներին, իսկ Idram-ն ու IDBank-ը շարունակելու են աջակցել այն ծրագրերին, որոնք ոչ միայն բարձրացնում են կարևոր խնդիրներ, այլև միտված են գործնական լուծումների որոնմանն ու կայուն ապագայի ձևավորմանը։

«Women in Climate and Energy» ՀԿ-ի հիմնադիր և տնօրեն Նունե Սականյանի գնահատմամբ՝ նախաձեռնությունը կարևոր հարթակ է կանանց աշխատանքը տեսանելի դարձնելու և նրանց դերը շեշտադրելու համար։ Նա ընդգծել է, որ «Մեկ դրամի ուժը» նախաձեռնության աջակցությունը առանցքային նշանակություն ունի նախագծի կյանքի կոչման, կանանց առաջնորդության արժեքի ճանաչման և արդյունավետ բնապահպանական լուծումների առաջմղման համար։

«Մեկ դրամի ուժը» շարունակում է աջակցել սոցիալական, կրթական և հանրային նշանակության ծրագրերին։ Նախաձեռնությանը միանալու համար անհրաժեշտ է վճարումներ կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, ինչպես նաև Idram և IDBank տերմինալներով. յուրաքանչյուր վճարումից ընկերությունները մեկ դրամ են ուղղում կարևոր ծրագրերի ֆինանսավորմանը։

Աղբյուր՝ arminfo.info

Տարածել

Կարդացեք նաեվ