Մեղրիում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում գործող՝ անհատ ձեռնարկատեր Արմեն Ավագյանին պատկանող «Մեղրու զովացուցիչ ըմպելիք» ապրանքանիշի արտադրամասում:
Տեսչական ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի անվտանգության պահանջներին չհամապատասխանող սանիտարահիգիենիկ պայմաններ: Արտադրական տարածքների կառուցվածքն ու պայմանները չեն ապահովել պատշաճ մաքրում, ախտահանում, ինչպես նաև պաշտպանություն կենդանիներից, կրծողներից և միջատներից:
Արտադրամասի առաստաղները չեն կանխարգելել կեղտի ու բորբոսի կուտակումը, մասնիկների թափվելու և խոնավության խտացման վտանգը: Բացի այդ, անձնակազմի համար նախատեսված հանդերձարան չի եղել:
Արձանագրված խախտումների հիմքով արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է: Տնտեսվարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և արտադրական տարածքը համապատասխանեցնել սահմանված պահանջներին:
Աղբյուր՝ www.1in.am
