ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է երեխայի ծննդով պայմանավորված պետական աջակցության հիմնական ծրագրերը՝ պատասխանելով քաղաքացիների 6 ամենահաճախ տրվող հարցերին:
1․ Ի՞նչ աջակցություն կարող է ստանալ ընտանիքը երեխայի ծննդյան դեպքում
Երեխայի ծննդով պայմանավորված՝ պետությունը տրամադրում է՝
մայրության նպաստ,
երեխայի ծննդյան միանվագ նպաստ,
մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ,
երրորդ և հաջորդ երեխայի դեպքում՝ ամսական 50 հազար դրամ,
հիփոթեքային վարկի մարման աջակցություն՝ երեխայի ծնվելու դեպքում:
2․ Չաշխատող քաղաքացին կարո՞ղ է ստանալ մայրության նպաստ
Այո։ Մայրության նպաստ ստանալու իրավունք ունեն ինչպես աշխատող, այնպես էլ չաշխատող քաղաքացիները:
Չաշխատող անձանց դեպքում նպաստի չափը 172 698 դրամ է:
3․ Որքա՞ն կլինի երեխայի ծննդյան միանվագ նպաստը
2026 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծնված երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստը կկազմի 500 հազար դրամ:
4․ Որքա՞ն է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը
Ամսական նպաստի չափը տարբեր է՝ կախված ծնողի կարգավիճակից:
Խնամքի արձակուրդում չգտնվող ծնող՝ 31 600 դրամ
Խնամքի արձակուրդում գտնվող ծնող՝ 37 500 դրամ
Խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնող՝ 69 100 դրամ
5․ Երրորդ երեխայի դեպքում որքան է կազմում 50 հազար դրամ նպաստը
Ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրվող 50 հազար դրամը վճարվում է ամեն ամիս՝ մինչև երեխայի 6 տարին լրանալը:
6․ Երեխայի ծնվելու դեպքում պետությունը կարո՞ղ է օգնել հիփոթեքի մարմանը
Այո։ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում ընտանիքը կարող է ստանալ միանվագ աջակցություն, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը:
Աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկը տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն՝ մինչև երեխայի 1 տարին լրանալը.
Աղբյուր՝ lurer.com
