ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը Երևանում մասնակցել է WDN-ի (Կանանց ժողովրդավարական ցանց) Եվրոպա-Եվրասիա տարածաշրջանային երկօրյա գագաթնաժողովի փակման արարողությանը, որը նվիրված էր «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմային։



Ելույթում Մակունցը նշել է, որ խաղաղությունը չի կարող դիտվել որպես մեկ գերատեսչության կամ մեկ պետական կառույցի պատասխանատվություն։ Նրա խոսքով՝ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգը պահանջում է ամբողջ պետական համակարգի համատեղ աշխատանք՝ արտաքին քաղաքականությունից և արդարադատությունից մինչև անվտանգության, տնտեսական և սոցիալական քաղաքականություններ, ինչպես նաև ինստիտուտների և քաղաքացիների համագործակցություն։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ասել է, որ Հայաստանի համար այս օրակարգը սերտորեն կապված է կառավարության առաջնահերթությունների հետ՝ խաղաղության, ժողովրդավարական կառավարման և պետական ինստիտուտների զարգացման ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ խաղաղությունը պետք է արտահայտվի մարդկանց առօրյայում՝ ավելի մեծ անվտանգությամբ, տնտեսական հնարավորություններով և ապագայի նկատմամբ վստահությամբ, իսկ կանայք այդ գործընթացում պետք է ունենան իրական մասնակցություն։
Մակունցի խոսքով՝ Հայաստանը վերջին տարիներին առաջընթաց է գրանցել պետական և քաղաքական որոշումների կայացման գործընթացում կանանց ներկայացվածության հարցում։ Մասնավորապես, վերջին խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների ավելի քան 35%-ը կանայք են։
Առանձին անդրադառնալով տնտեսական անվտանգության թեմային՝ նա նշել է, որ կայուն խաղաղությունն ավելի ամուր է, երբ մարդիկ շահագրգռված են դրա պահպանմամբ։ Այդ համատեքստում Մակունցը կարևորել է կանանց համար աշխատանքի, ձեռնարկատիրության, ֆինանսական ռեսուրսների, կրթության և մասնագիտական զարգացման հասանելիությունը՝ նշելով, որ տնտեսական ինքնուրույնությունը բարձրացնում է անձի դիմակայունությունը, ամրապնդում ընտանիքն ու համայնքը և ընդլայնում հասարակական կյանքին մասնակցելու հնարավորությունները։
Նրա գնահատմամբ՝ վերջին տարիների զարգացումները աշխարհում և տարածաշրջանում ցույց են տվել կանանց առանցքային դերը ոչ միայն խաղաղության կառուցման, այլև ճգնաժամային իրավիճակներում պետական կառավարման և հասարակական դիմակայունության ապահովման հարցում։ Նա նաև շեշտել է, որ խաղաղության կերտումը չի ավարտվում համաձայնագրերի ստորագրմամբ, քանի որ դրան հետևում են իրականացման, հաշտեցման, համագործակցության, տնտեսական կապերի և հասարակությունների միջև վերականգնման երկար փուլեր։
Սեպտեմբերի 15-ին մեկնարկած գագաթնաժողովին մասնակցել են 13 երկրներից կին առաջնորդներ, խորհրդարանականներ, քաղաքականություն մշակողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ և մասնագետներ։ Երկօրյա քննարկումները կազմակերպվել են հինգ ուղղություններով՝ հաշտեցում և համայնքային խաղաղաշինություն, պաշտպանություն և անվտանգության ոլորտի բարեփոխումներ, սոցիալ-տնտեսական զորեղացում և վերականգնվող տնտեսություններ, ցանցային աշխատանք, երիտասարդություն և քաղաքացիական դիմակայունություն, ինչպես նաև խաղաղության օրենսդրական ապահովում։
Աղբյուր՝ www.gov.am
