Bankomat

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է Հայաստանի տնտեսության ռիսկերը և կապիտալի շուկան

Լուրեր|2026/09/16 16:41
ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է Հայաստանի տնտեսության ռիսկերը և կապիտալի շուկան

Կողմերը անդրադարձել են նաև դրամավարկային և արժութային քաղաքականությանը, ինչպես նաև բանկերի վերակառուցման օրակարգին։

Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ԱՄՀ առաքելության պատվիրակության հետ մեկնարկային հանդիպմանը քննարկել է վերջին մակրոտնտեսական զարգացումները, տնտեսության հեռանկարներն ու հիմնական ռիսկերը։ ԱՄՀ առաքելությունը Հայաստանում գլխավորում է Ալեքսանդր Տիմանը։

ԿԲ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման օրակարգում եղել են նաև դրամավարկային և արժութային քաղաքականությունը, միջազգային պահուստների դինամիկան և ֆինանսական հատվածի զարգացումները։

Քննարկվել է նաև ԱՄՀ աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի շրջանակում սահմանված կառուցվածքային ուղենիշների կատարումը։ Խոսքը վերաբերում է բանկերի վերակառուցման կատարելագործված շրջանակին (resolution), վճարային համակարգին, կլիմայական ռիսկերի բացահայտմանը, ռիսկերի կառավարմանը և կապիտալի շուկայի զարգացմանը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԲ նախագահի տեղակալներ Արմեն Նուրբեկյանը և Հովհաննես Խաչատրյանը։

ԱՄՀ պահուստային ծրագրի մասին

ԱՄՀ գործադիր խորհուրդը 2025 թվականի դեկտեմբերի 1-ին հաստատել է Հայաստանի հետ նոր՝ 36-ամսյա Stand-By Arrangement (SBA) համաձայնագիրը՝ 128,8 մլն SDR ծավալով։ Դա համապատասխանում է ԱՄՀ-ում Հայաստանի քվոտայի 100%-ին կամ մոտ $175 մլն-ին։ Ծրագիրը միտված է աջակցելու երկրի իշխանություններին մակրոտնտեսական կայունության պահպանման և կառուցվածքային բարեփոխումների առաջմղման հարցում, ինչպես նաև ապահովելու լրացուցիչ պաշտպանություն անորոշության պայմաններում։

Հաստատումից անմիջապես հետո Հայաստանին հասանելի է դարձել 18,4 մլն SDR-ին համարժեք գումար՝ մոտ $25 մլն։ Այնուհետև 2026 թվականի հունիսի 10-ին Հայաստանին բացվել է ևս 18,4 մլն SDR-ի հասանելիություն՝ մոտ $25,1 մլն, ինչի արդյունքում ընդհանուր հասանելի ծավալը հասել է 36,8 մլն SDR-ի կամ մոտ $50,2 մլն-ի։ Մնացած միջոցները կտրամադրվեն հավասար տրանշերով՝ կիսամյակային վերանայումների արդյունքներով։ Հայաստանի իշխանությունները հայտնել են, որ այս պայմանավորվածությունը դիտարկում են որպես նախազգուշական միջոց։

Բանկերի վերակառուցման մասին

Հայաստանի Ազգային ժողովը 2026 թվականի հուլիսի 3-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Բանկերի վերակառուցման մասին» օրենքը և հարակից մի շարք օրենսդրական փոփոխություններ։ Օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում էր Համաշխարհային բանկի և ԱՄՀ-ի այն առաջարկություններից, որոնք ներկայացվել էին 2018 թվականին Հայաստանի ֆինանսական համակարգի գնահատման ծրագրի (FSAP) շրջանակում։

Նոր կարգավորմամբ առաջարկվում է բանկերի վերակառուցման ինստիտուտ ներդնել լուծարման փոխարեն, և այդ գործիքի կիրառման բացառիկ իրավասությունը վերապահել Հայաստանի կենտրոնական բանկին։ Հիմնական գործիքների թվում են բանկի վաճառքը, «կամուրջ-բանկի» մեխանիզմը, խնդրահարույց ակտիվների առանձնացումը և այլ միջոցներ, որոնք պետք է թույլ տան կայունացնել բանկը՝ առանց դրա լուծարման։

Վերակառուցման գործընթացի ֆինանսավորման համար կստեղծվի Վերակառուցման հիմնադրամ, որը կձևավորվի առևտրային բանկերի միանվագ, պարբերական և լրացուցիչ վճարներից։ Հիմնադրամի նպատակային շեմը նախատեսվում է սահմանել բանկային համակարգի համախառն պարտավորությունների առնվազն 0,5%-ի չափով՝ այդ մակարդակին հասնելով օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 10 տարվա ընթացքում։

Աղբյուր՝ armbanks.am

Տարածել

Կարդացեք նաեվ