Bankomat

ԿԲ-ն նոր կրիպտոակտիվների կանոնակարգի նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման

Լուրեր|2026/09/17 14:36
ԿԲ-ն նոր կրիպտոակտիվների կանոնակարգի նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման

Դիտարկումներն ու առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև հոկտեմբերի 1-ը։

Հայաստանի Կենտրոնական բանկը շարունակում է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի կիրարկման համար անհրաժեշտ ենթաօրենսդրական կարգավորումների հանրային քննարկումը և ներկայացրել է հերթական նախագիծը։

Խոսքը վերաբերում է կանոնակարգ 7/13-ի նախագծին, որը սահմանում է «Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գործառույթների պատվիրակման համար Կենտրոնական բանկի նախնական համաձայնություն տրամադրելու կարգը, պայմանները և ժամկետները, ինչպես նաև համաձայնության մերժման հիմքերը»։

Կենտրոնական բանկը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մասնակիցներին, որոնք մինչ այժմ ներգրավվել են ոլորտը կարգավորող նախագծերի հանրային քննարկումներում, և կոչ է արել շահագրգիռ անձանց ներկայացնել նաև այս նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումներն ու առաջարկությունները։

Առաջարկությունները պետք է ուղարկել մինչև ս.թ. հոկտեմբերի 1-ը՝ [email protected] էլեկտրոնային հասցեին։ Նամակի թեմայում պետք է նշել «Կրիպտոակտիվների կանոնակարգում», իսկ նամակում ներառել անուն-ազգանունը, առկայության դեպքում՝ ներկայացվող կազմակերպության անվանումը, ինչպես նաև հետադարձ կապի տվյալները։

ԿԲ-ն հայտնել է, որ ստացված առաջարկությունները կամփոփվեն, որից հետո կկազմակերպվի հանդիպում դիտարկումներ ներկայացրած անձանց և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ դրանք քննարկելու նպատակով։ Ստացված դիտարկումներն ու դրանց վերաբերյալ դիրքորոշումները հետագայում կհրապարակվեն։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ