Bankomat

Կառավարությունը մարզերին հատկացրել է 1.1 մլրդ դրամ՝ սուբվենցիոն 25 ծրագրի համար

Լուրեր|2026/09/17 21:01
Կառավարությունը մարզերին հատկացրել է 1.1 մլրդ դրամ՝ սուբվենցիոն 25 ծրագրի համար

Ֆինանսավորումը կուղղվի Հայաստանի 19 համայնքում ընթացող և ավարտական փուլում գտնվող ծրագրերի համաֆինանսավորմանը։

Կառավարությունը ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացրել է 1,110,342.4 հազար դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում ստանձնած ֆինանսական պարտավորությունները կատարելու համար։ Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ միջոցները նախատեսված են շինարարական կազմակերպությունների նկատմամբ վճարումները ապահովելու նպատակով։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը կառավարության նիստում հայտնել է, որ որոշմամբ առաջարկվում է համաֆինանսավորել Հայաստանի 19 համայնքներում իրականացվող 25 ծրագիր։ Դրանցից 3-ը վերաբերում են Արագածոտնի մարզին, 2-ը՝ Արարատի, 9-ը՝ Արմավիրի, 2-ը՝ Գեղարքունիքի, 3-ը՝ Լոռու, 3-ը՝ Շիրակի և 3-ը՝ Տավուշի մարզերին։ Նախարարի խոսքով՝ այս հատկացումից հետո 2026 թվականի պետական բյուջեից համաֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր ծավալը կհասնի 12 մլրդ 11 մլն դրամի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սուբվենցիոն ծրագրերի ծավալը տարեցտարի մեծանում է, իսկ դրանց արդյունքները արդեն տեսանելի են համայնքներում։ Նրա գնահատմամբ՝ նման ներդրումները ոչ միայն լուծում են տեղական ենթակառուցվածքային խնդիրներ, այլև խթանում են մասնավոր ներդրումները, հատկապես տուրիզմի ոլորտում, այն բնակավայրերում, որտեղ երկար տարիներ ճանապարհներ և այլ հիմնական ենթակառուցվածքներ չեն եղել։

Համաֆինանսավորվող ծրագրերը վերաբերում են մանկապարտեզների վերակառուցմանն ու հիմնանորոգմանը, խմելու և ոռոգման ջրագծերի կառուցմանն ու վերակառուցմանը, փողոցների ասֆալտապատմանը, գազիֆիկացմանը, բակային տարածքների բարեկարգմանը, հենապատերի կառուցմանն ու համայնքային տեխնիկայի ձեռքբերմանը։

Մասնավորապես, Արագածոտնի մարզում միջոցներ կուղղվեն Թալին համայնքի Կաթնաղբյուր բնակավայրում մանկապարտեզի վերակառուցմանը, Զարինջայում խմելու ջրագծի հիմնանորոգմանը, ինչպես նաև Ապարանի մի շարք բնակավայրերում ջրամատակարարման համակարգերի վերակառուցմանը։ Արարատի մարզում ֆինանսավորում կստանան Արտաշատ համայնքի Մրգավան, Մասիս և Նշավան բնակավայրերի, ինչպես նաև Մասիս համայնքի Ռանչպարի փողոցների ասֆալտապատման աշխատանքները։

Արմավիրի մարզում ընդգրկված են ճանապարհաշինական, գազիֆիկացման, մանկապարտեզների վերանորոգման և ջրամատակարարման ծրագրեր՝ Փարաքար, Արաքս, Վաղարշապատ, Մեծամոր և Արմավիր համայնքներում։ Գեղարքունիքի մարզում միջոցներ կտրամադրվեն Վարդենիսի բակային տարածքների ասֆալտապատման և Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայրում ոռոգման ջրատարի կառուցման համար։

Լոռու մարզում ֆինանսավորվում են Դսեղում և Լերմոնտովոյում ճանապարհների սալարկման ու վերակառուցման ծրագրեր, Շիրակի մարզում՝ Գյումրիի համար 2 բազմաֆունկցիոնալ տեխնիկայի ձեռքբերում, ինչպես նաև Ազատանի, Գեղանիստի և Արևշատի գազիֆիկացման աշխատանքները։ Տավուշի մարզում ծրագրերը ներառում են Կողբում և Արծվաբերդում փողոցների սալարկում, ինչպես նաև Գոշ բնակավայրում հենապատերի հիմնանորոգում և կառուցում։

Կառավարության ներկայացրած տվյալներով՝ ծրագրերի մի մասը արդեն ավարտված է, մի մասը գտնվում է ավարտական փուլում, իսկ որոշ աշխատանքների դեպքում շինարարական առաջընթացը հասնում է 40%-95%-ի։ Շահառուների թվում են հարյուրավոր տնային տնտեսություններ և մի շարք նախադպրոցական հաստատություններ։

Աղբյուր՝ hetq.am

Տարածել

Կարդացեք նաեվ