Bankomat

Կարապետ Պողոսյանին առնչվող քրեական վարույթը հանձնվել է դատարան

Լուրեր | 2026/08/15 01:01

Կարապետ Պողոսյանին առնչվող քրեական վարույթը հանձնվել է դատարան

Գործով անցնում է 14 անձ

Դատախազը 2026 թվականի օգոստոսի 14-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ Հակակոռուպցիոն դատարան է հանձնել ընտրակաշառք տալու և ստանալու համար մեղադրվող 14 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ քրեական վարույթով պարզվել է՝ ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների մասնակից «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի համակիր, նույն դաշինքի անունից հանդես եկող Կ. Պ.-ն, նախնական համաձայնության գալով վերոնշյալ դաշինքի այլ համակիրների, այդ թվում՝ Հ. Ս.-ի և Լ. Վ.-ի հետ, նպատակադրվել է Շիրակի մարզի Գյումրի համայնքի ընտրատեղամասերի ընտրական հանձնաժողովների կազմում ներգրավելու եղանակով որպես քողարկված վարձատրություն, ընտրակաշառք տալ ընտրողներին:

«Մասնավորապես Կ. Պ.-ն, Հ. Ս.-ն և Լ. Վ.-ն առաջարկել են 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու և նշված դաշինքի օգտին քվեարկելու, ինչպես նաև իրենց մերձավորների՝ ընտրություններին մասնակցելը և նույն կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելն ապահովելու պայմանով կազմակերպել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովներում Մ. Գ.-ի, Ար. Գ.-ի, Կ. Գ.-ի, Ա. Գ.-ի, Վ. Ն.-ի, Մ. Ն.-ի, Գ. Ա.-ի, Լ. Հ.-ի, Ռ. Ա.-ի, Ս. Ե.-ի և Մ. Գ.-ի ընդգրկումը:

Մ. Գ.-ն, Ար. Գ.-ն, Կ. Գ.-ն, Ա. Գ.-ն, Վ. Ն.-ն, Մ. Ն.-ն, Գ. Ա.-ն, Լ. Հ.-ն, Ռ. Ա.-ն, Ս. Ե.-ն և Մ. Գ.-ն ընդունել են ընտրակաշառք տալու առաջարկը:

2026 թվականի հունիսի 6-ին Լ. Վ.-ն, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, վերոնշյալ անձանցից յուրաքանչյուրին փոխանցել է 30 հազար դրամ ընտրակաշառք։

Նախաքննության ընթացքում 14 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. 3 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ մասով, 9 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասով և 2 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասով:

Դատախազը 2026 թվականի օգոստոսի 14-ին քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է Հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ