Վաշինգտոնի և Օտտավայի միջև տարաձայնությունների սրման ֆոնին Կանադայի վարչապետ Մարկ Քարնին կմասնակցի Եվրամիության կարևոր քաղաքական միջոցառմանը՝ Եվրահանձնաժողովի նախագահի՝ ԵՄ վիճակի մասին ամենամյա ելույթին:
Եվրահանձնաժողովի՝ ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին մոտ կանգնած պաշտոնյան Politico-ին հաստատել է, որ Քարնին ընդունել է Ստրասբուրգում նրա՝ ԵՄ վիճակի մասին ելույթին ներկա գտնվելու հրավերը, որի ընթացքում ֆոն դեր Լայենը կներկայացնի միության գործունեության առաջնահերթությունները:
«Ամառային արձակուրդներից առաջ Եվրոպական հանձնաժողովի նախագահը հրավիրել էր վարչապետ Քարնիին մասնակցելու իր ելույթին (Եվրոպական խորհրդարանում — ԻՖ), ինչը պետք է դառնա ԵՄ-ի և Կանադայի հարաբերությունների սերտության ուժեղ խորհրդանիշ, ինչպես նաև հստակ ցույց տա երկու կողմերի մտադրությունն ու ձգտումը՝ ամրապնդելու մեր գործընկերությունը,— Politico-ին ասել է աղբյուրը։— Այս բարդ ժամանակներում մեր հարաբերությունների ամրապնդումն ամբողջ աշխարհում կենսական նշանակություն ունի»:
Նա նաև հայտնել է, որ Քարնին ֆոն դեր Լայենի ելույթից հետո, հանդես կգա Եվրոպական խորհրդարանում:
Ավելի վաղ, Քարնիի կառավարությունը դուրս էր եկել բանակցություններից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նշանակալի առևտրային համաձայնագրի շուրջ, ընդ որում՝ երկու կողմերն էլ միմյանց մեղադրել էին վերջին պահին պայմաններ պարտադրելու մեջ: Վաշինգտոնը մաքսատուրքեր էր սահմանել կանադական արտահանման նկատմամբ, ինչին ի պատասխան Կանադան խիստ մաքսատուրքեր էր սահմանել ամերիկյան պողպատի և ալյումինի նկատմամբ:
«Կանադայի վարչապետը հանդես է գալիս ազատ առևտրին աջակցող ժողովրդավարական երկրների դաշինքի օգտին և ձգտում է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների»,— գրում է Politico-ն:
Աղբյուր՝ b24.am
